Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետք է հասկանալ, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում. Փաշինյան

Պետք է հասկանալ, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացին, միջազգային հանրության դիրքորոշմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Սոնա Ղազարյանի հարցին:

«Մենք միևնույն ժամանակ ասել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը հեշտ չի լինելու: Դրա համար մեզ պետք են ամուր նյարդեր: Մենք նաև ընդգծել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, ցավոք, միայն մեզնից չի կախված: Եվ մենք ասել ենք, որ լինելու են գործողություններ, որոնց նպատակը լինելու է առաջին հերթին մեր հանրությանը դրսից ապացուցել, որ խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ: Այս ամենը ցույց է տալիս, որ սա առաջին հերթին մեր օրակարգն է, և քանի որ մենք սա ընդունել ենք որպես ռազմավարություն, պետք է հետևողականորեն գնանք այդ օրակարգի հետևից: ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի ողջ ընթացքում մենք սովորաբար ձևակերպել ենք մեր դիրքորոշումները, բայց մենք անարդար ենք համարել միջազգային հանրության դիրքորոշումները և ընդհանրապես լսելեի չենք համարել մեր հակառակորդի դիրքորոշումները: Արդյունքում ստացվել է այնպես, որ մեր դիրքորոշումները սկսվել են X պահից չլսելի լինել միջազգային հանրության կողմից»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի տպավորությամբ՝ ԼՂ հակամարտության հարցով Հայաստանի ասելիքը միջազգային հարթակներում կորսված է:  Փաշինյանը շեշտեց՝ դա ասում է ոչ թե որպես քննադատություն, այլ՝ որպես ինքնաքննադատություն:

«Մենք պետք է կողմնորոշվենք՝ մենք ուզու՞մ ենք գնալ լուծումների, թե՞ չենք ուզում: Մեր դիրքորոշումը և մեր կառավարության առաքելությունը դա է, որ մենք պետք է գնանք լուծումների: Բայց դա չի նշանակում, որ ցանկացած լուծում մեզ համար ընդունելի կլինի, բայց դա չի էլ նշանակում, որ մեր պատկերացրած ցանկացած լուծում ընդունելի կլինի մյուս կողմի կամ միջազգային հանրության համար»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչու բանակցային գործընթացի արդյունքում Ղարաբաղի հարցով հաջողություն չի ունեցել հայկական կողմը՝ Փաշինյանը ասաց. «Որովհետև մեր ընկալումները ընկալելի չեն եղել միջազգային հանրության համար, Ադրբեջանի մասին դեռ չեմ խոսում, միջազգային հանրության ընկալումներն էլ ընդունելի չեն եղել մեզ համար: Եվ մենք ունեցել ենք ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծում: Եվ բոլորս նվիրված ենք եղել Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման համար»:

Նա շեշտեց՝ սակայն Հայաստանը մի բան հաշվի չի առել, որ միջազգային հանրությանը ոչ թե Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումն է հետաքրքրում, այլ՝ Ղարաբաղի հարցի լուծում է հետաքրքրում:

Անդրադառնալով սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշմանը՝ Փաշինյանն անկեղծացավ. «Միջազգային հանրությունը մեզ էլ, Ադրբեջանին էլ, մեր տարածաշրջանին ասում է՝ «դե հերիք է շաբաթը մեկ ասեք՝ վայ, հրադադարի ռեժիմը խախտվեց, վայ ագրեսիա է, իրար մեղադրեք, գնացեք, իրար հետ լեզու գտեք, արդեն մեր նյարդերը չեն հերիքում, որովհետև մենք էլ խնդիրներ ունենք, մանավանդ, հիմա ՝ կլիմայի փոփոխություն է, կորոնավիրուս է, հազար ու մի հարցեր, ձեզ ինչո՞ւ է թվում, թե ամբողջ աշխարհը պետք է նստի ու անընդհատ ապրի ձեր հոգսերով, միգուցե, դուք էլ մի քիչ ձեր հոգսերով ու դարդերով զբաղվեք»:

Փաշինյանը շեշտեց. «Պետք է գնանք լուծումների՝ հասկանալով, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում. կամ լուծում, կամ չլուծում, սա է մեր ընտրությունը: Սա պետք է ուղղակի հասկանանք, ընդ որում հասկանալն առաջին բանն է, որոշում կայացնելուց առաջ պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am