Հասարակական

Կրթության ոլորտում էական թափ կառնեն կապիտալ ծախսերը. նախարար

2 րոպեի ընթերցում

Կրթության ոլորտում էական թափ կառնեն կապիտալ ծախսերը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվել է ծախսերի աննախադեպ աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ նիստում:

«Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում 2022-ի պետբյուջեի նախագծով նախատեսվել է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 44 մլրդ դրամ, ինչը հիմնականում ուղղվելու է բովանդակային բարեփոխումներին, կրթական, մշակութային և մարզական հաստատությունների ենթակառուցվածքների արդիականացմանը, պետական աջակցություն ստացող շահառուների խմբերի ընդլայնմանը և գիտության զարգացմանը: Կրթության ոլորտում էական թափ կառնեն կապիտալ ծախսերը: Ընդհանուր առմամբ կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն 109 կրթական հաստատություններում, որոնցից 88-ում աշխատանքները կավարտվեն 2022 թվականին»,-ասաց Դումանյանը:

Միայն ԿԳՄՍ նախարարության բյուջեով 2022-ին կավարտվեն կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ 56 դպրոցներում և 10 մանկապարտեզներում: Իսկ սեյսմիկ անվտանգության ծրագրի շրջանակներում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն ևս 8 դպրոցներում: Երևան քաղաքում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 16 մանկապարտեզներում:

Նախարարը վստահեցրեց, որ հանրակրթական ոլորտում կշարունակվեն բովանդակային բարեփոխումները:

Շուրջ 480 ուսուցիչներ կամավոր ատեստավորման արդյունքում այսօր արդեն կստանան 30, 40 և 50 տոկոս հավելավճարներ՝ 5 տարի ժամկետով: Գործուղման բարելավված պայմաններով շուրջ 260 ուսուցիչ կգործուղվի բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում