Քաղաքականություն

Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված հարձակումների վրա

2 րոպեի ընթերցում

Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված հարձակումների վրա

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նոյեմբերի 16-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Խաղաղությունը և անվտանգությունը կանխարգելիչ դիվանագիտության միջոցով» թեմայով հանդիպմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ իր ելույթում Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա, ինչը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և լրջորեն խաթարում են տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է միջազգային դերակատարների կողմից հրատապ և արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը՝ հետագա սրացումը կանխարգելելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն ապահովելու նպատակով։

Մեքսիկայի նախագահությամբ ԱԽ նիստին զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, Տնտեսական և Սոցիալական խորհրդի ու Արդարադատության միջազգային դատարանի նախագահները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում