Հայաստանի 5 համայնքների ՏԻՄ ընտրություններում մասնակցել է ընտրողների 47.4 տոկոսը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանավան, Կապան, Իջևան, Արզնի և Լերմոնտովո համայնքներում նոյեմբերի 14-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, նախնական տվյալներով, քվեարկության ավարտի ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է այդ համայնքներում ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր 80 798 թվի 47.4 տոկոսը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։
Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են նոյեմբերի 14-ին անցկացվել Ստեփանավան, Կապանև Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթացել է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 99 տեղամասեր:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 99 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 167 տեխնիկական սարքավորում:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 20 զանգվածային լրատվության միջոցներ: