Շողակաթում ասֆալտապատում է իրականացվել երեք փողոցներում
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են 1-ին, 4-րդ եւ 10-րդ փողոցներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 46 միլիոն 504 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերին եւ ավարտվել հոկտեմբերի վերջերին։ «Շողակաթի 1-ին, 4-րդ եւ 10-րդ փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ արվել էին նախորդ տարիների ընթացքում իրականացված ծրագրերով, իսկ այս տարվա ծրագրով ամբողջացվել են անբարեկարգ մնացած հատվածները, որով էլ նշյալ փողոցներն արդեն հիմնանորոգված են ամբողջապես։ Ասֆալտապատումն իրականացվել է 700 գծամետր երկարությամբ եւ 3 500 քառակուսի մետր մակերեսով»,- ասաց Սուլիկո Շուշանյանը։
Խոսրով Խլղաթյան