Հասարակական

Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի հատվածի հիմնանորոգումն ավարտված է

2 րոպեի ընթերցում

Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի հատվածի հիմնանորոգումն ավարտված է

ԳԱՎԱՌ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում արդեն ավարտվել են Մ-14 միջպետական նշանակության Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի 39-ից 60-րդ կիլոմետրերի հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագիրն իրականացվել է պետական միջոցների հաշվին։ Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 2 միլիարդ 728 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 1 միլիարդ 995,5 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ շինարարները։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսից եւ ավարտվել հոկտեմբեր ամսի վերջերին։

«Ասֆալտապատումն իրականացվել է 20,9 կիլոմետր երկարությամբ, 142 հազար 200 քառակուսի մետր մակերեսով։ Մուտքերում եւ անցումներում 4 259 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում է կատարվել։ Վերանորոգվել են 12 կամուրջ եւ կամրջային անցումներ, տեղադրվել են արգելապատնեշներ, ճանապարհը կահավորվել է գծանշումներով եւ ճանապարհային երթեւեկության նշաններով։ Ամբողջ մակերեսով մեկ տեղադրվել են ճանապարհի նոր հիմք եւ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Այս ծրագրի ավարտով արդեն Սեւանա լճի հյուսիսային ափով մեկ՝ Ծովագյուղից մինչեւ Վարդենիս, ունենք հիմնանորոգված, արդի չափորոշիչներին համապատասխան ու բարեկարգ ճանապարհ։ Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս 98 կիլոմետր երկարությամբ ճանապարհի մնացած հատվածները պետական միջոցներով հիմնանորոգվել են վերջին տարիներին ։ Ճանապարհի հիմնանորոգումը կենսական մեծ նշանակություն ուներ Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջանների համայնքների համար։ Այն խթանելու է գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ բիզնեսի զարգացումը»,- ասաց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում