Հասարակական

Կարմիրգյուղում ընթանում են ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ

3 րոպեի ընթերցում

Կարմիրգյուղում ընթանում են ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում են համայնքի Ազատության փողոցի 1-ին նրբանցքը, Գայի, Սերգո Ավետիսյան, Կարեն Դեմիրճյան, Զոհրաբ Շհոյան փողոցները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 77 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը։ Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1715 գծամետր, մակերեսը՝ 10 հազար 84 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերի 3-ից եւ կավարտվեն եռամսյա ժամկետում։ Նոյեմբերի 3-ի դրությամբ ծրագիրն իրականացված է մոտ 50 տոկոսով։

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով ջրահեռացման համակարգ է կառուցվում Զոհրաբ Շհոյան, Ազատության, Գայի, Կարեն Դեմիրճյան, Սերգո Ավետիսյան եւ 1-ին փողոցներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն 906 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը։ Ջրահեռացման համակարգի ընդհանուր երկարությունը կազմում է 1830 մետր։ Այն կառուցվում է երկաթբետոնյա կիսախողովակներով, անցումներում՝ երկաթյա խողովակներով։ Նոյեմբերի 5-ի դրությամբ շինարարությունն ավարտված է մոտ 80 տոկոսով։

Սուբվենցիոն երրորդ ծրագրով լուսավորության ցանց է կառուցվում Կարմիրգյուղի Ազատություն փողոցի 1-ին եւ 3-րդ նրբանցքներում, Հ․Շիրազ, Պ․Սեւակ, Դ․Կանայան, Հ․ Թումանյան, Մարշալ Բաբաջանյան, Ե․Չարենց, Զոհրաբ Շհոյան փողոցներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 22 միլիոն 536 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը։Լուսավորության ցանցը կառուցվել է շուրջ 5 կիլոմետր երկարությամբ, տեղադրվել է 165 լուսատու։ Նոյեմբերի 5-ի դրությամբ շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում