Տավուշի մարզում կստեղծվի «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ ՀՀ սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի քաղաք Իջևանում գտնվող վարչական շենքի 1-ին հարկից 10 155 000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 44.4 քառ. մետր մակերեսով տարածքը 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նպատակն է՝ մարզում «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոն ստեղծելն է:
Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացրած ծրագրի համաձայն՝ «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնում անցկացվելու են դասընթացներ, հանդիպում-քննարկումներ և միջոցառումներ՝ կանանց ու տղամարդկանց հանրային ընկալումները փոխելու, երեխաների խնամքի և ծնողավարության մեջ տղամարդկանց մասնակցությունը խթանելու վերաբերյալ: Կազմակերպությունն ապահովելու է անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող տարածքի վերանորոգումը, կահավորումը և նյութատեխնիկական հագեցումը: Ծրագրի ավարտից հետո «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնը հանձնվելու է ՀՀ Տավուշի մարզպետարանի օգտագործմանը՝ որպես հարթակ համայնքում գործող պետական և հասարակական կազմակերպությունների կողմից տարբեր միջոցառումների անցկացման համար: