Հասարակական

Երկարամյա ամուսինները գնացին հանդերձյալ աշխարհ՝ իրար ձեռք սեղմած

2 րոպեի ընթերցում

Երկարամյա ամուսինները գնացին հանդերձյալ աշխարհ՝ իրար ձեռք սեղմած

ԳԱՎԱՌ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում մեկ օրվա տարբերությամբ ծերունական մահով կյանքից հեռացել են 62 տարի համատեղ կյանք վարած ամուսիններ Ալբերտ եւ Ամալյա Աթոյանները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ակունքի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Ավագյանը, «Ալբերտ (Լավուր) Աթոյանը 86 տարեկան էր,Ամալյա Աթոյանը՝ 80։ Ապրեցին նրանք միասին սիրով ու ազնվորեն, վայելեցին համագյուղացիների հարգանքն ու սերը։ Օրվա ապրուստը վաստակեցին արդար քրտինքով, հողագործությամբ ու անասնապահությամբ, ապրեցին հաշտ ու համերաշխ ու կյանքից հեռացան մեկ օրվա տարբերությամբ։ Նրանք անցան հանդերձյալ աշխարհ՝ իրար ձեռք սեղմած: Դա նրանց ցանկությունն էր։ Յուրաքանչյուր ակունքցու հուշերում նրանք կմնան որպես անաչառ, բարի ու ազնիվ անհատականություններ։ Նրանք կյանքի ընթացքում անձնական ծանր վիշտ էլ տեսան՝ իրենց 45 տարեկան որդու կորուստը, սակայն նվիրվեցին իրենց մյուս զավակներին, թոռներին, հարսներին, ծոռներին։ Ալբերտն ու Ամալյան ունեցել են 4երեխա, 15թոռ եւ 20ծոռ: Ակունք գյուղն այսօր հպարտությամբ ու ակնածանքով է դեպի հավերժություն ճանապարհում սիրված պապիկին ու տատիկին, որ ամուր պահեցին ազգային ու ընտանեկան ավանդույթները, չարքաշ ու ազնիվ աշխատանքով տունուտեղ դրեցին, հարստացրին մեր աշխարհը՝ զավակներ ծնելով ու միայն բարիք արարելով»,- պատմեց Լուսինե Ավագյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում