Հասարակական

Կորոնավիրուսի հետևանքով մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի հետևանքով մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցներում արձակուրդների երկարաձգումն ու բուհերի՝ առցանց դասավանդման անցնելը որոշակի դրական միտումներ է արձանագրել կորոնավիրուսի դեմ պայքարում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ հիվանդացության առումով նվազում ունենք, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերով:

«Մահճակալային ֆոնդը շարունակում է մնալ լարված, սակայն հոսպիտալացման սպասող քաղաքացիների թվի նվազում կա: Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա մեր երկրում պատվաստվել է 852 հազար 355 քաղաքացի: «Մոդեռնա» պատվաստանյութի ստանալուց հետո մենք փոփոխություն իրականացրեցինք հրամանի մեջ ու 12 տարեկանից բարձր երեխաները հնարավորություն ունեն ստանալ պատվաստում, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Կա հետաքրքրություն, արդեն մոտ 50 երեխա է պատվաստվել», - ասաց նախարարը՝ հավելելով, որ 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիների մեջ պատվաստված է ընդամենը 97-ը:

ՎարչապետՆիկոլ Փաշինյանի խոսքով՝ պատվաստված պետք է համարել այն քաղաքացիներին, որոնք երկու դեղաչափն են ստացել: Նրա խոսքով՝ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է. եթե տանը սպասող մարդ կա, դա նշանակում է, որ հիվանդանոցներում տեղ չկա: «Հետևաբար, մարդիկ մահանում են, ամեն օր ահազանգեր են, ամեն օր շատ ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում: Սրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվել: Մենք լոքդաունի չենք գնալու, ուզում եմ սա հստակ արձանագրենք», - ասաց վարչապետը՝ շեշտելով, որ պետք է մարդկանց փրկել ու այդ փրկության միջոցը կա: «Խնդրում ենք, կոչ ենք անում պատվաստվել: Վարչական լծակները նույնպես կարևոր են, դրանք գործի ենք դնելու, բայց, ընդհանուր առմամբ, մարդկանց խնդրում ենք, որ օգնեն մեզ, որ կարողանանք օգնել իրենց», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ քաղաքացիներին պետք է փոխանցեն այն ուղերձը, որ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու միակ տարբերակը պատվաստումն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում