Պաշտոնական

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ներգրավված կլինեն արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ

3 րոպեի ընթերցում

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ներգրավված կլինեն արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ժողովի մասնակիցներին և նշել. «Սա մեր այս ձևաչափի չորրորդ հանդիպումն է, և կարծում եմ, որ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ այն՝ որպես խոսակցության հարթակ, կարևորում ենք: Եվ այն, որ այսօր այստեղ ներկա ենք, թերևս դրա վկայությունն է, և մեր առաջիկա անելիքը թերևս պետք է լինի այս հարթակն ավելի արդյունավետ դարձնելը և իր գործունեությունը կոնկրետ արդյունքներով պսակելը: Ինչքանով դա կհաջողվի՝ մեզնից է կախված: Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, բայց մեր նպատակադրումը հենց դա է:

Այս պահի դրությամբ մենք ունենք մի շատ կոնկրետ որոշում, որ այս ֆորմատի երեք ներկայացուցիչներ պիտի ներգրավված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում»,- նշել է վարչապետ Փաշինյանը՝ շեշտելով, որ ներկայումս լուծումներ են փնտրվում՝ դե յուրե այդ հարցը կազմակերպելու համար։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատաքները կմեկնարկեն միայն նախապատրաստական աշխատանքների իրականացումից հետո:

Այնուհետև նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում