Հասարակական

37 հազար ուսուցչից կամավոր ատեստավորման համար դիմել է 1372-ը. պատգամավորը մասնակցության կոչ է անում

2 րոպեի ընթերցում

37 հազար ուսուցչից կամավոր ատեստավորման համար դիմել է 1372-ը. պատգամավորը մասնակցության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը կամավոր ատեստավորմանը ուսուցիչների մասնակցության թվերը մտահոգիչ է համարում, կոչ անում հաջորդ տարի ակտիվ լինել, գնալ գիտելիքների ստուգման այդ քայլին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պալյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

Պալյանը հիշեցրեց, որ կամավոր ատեստավորման արդյունքում 80 տոկոսի շեմը հաղթահարելու դեպքում ուսուցիչները ստանում են 30-50 տոկոս հավելավճար: Անդրադառնալով առաջին փուլին, որին դիմելու հնարավորություն ունեին 7-12-րդ դասարաններում որոշակի առարկաներ դասավանդող ուսուցիչները՝ նա ասաց. «Արդյունքները բավականին մտահոգիչ էին՝ և մասնակցության և գրանցած արդյունքների առումով: 37 հազար ուսուցչից կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել 1372-ը, մինչդեռ ատեստավորմանը մասնակցել է ընդամենը 996-ը: Իմ կարծիքով՝ սա շատ ցածր ցուցանիշ է: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47.2 տոկոսը, այն է՝ 468 ուսուցիչ, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, ստանալու է 30-50 տոկոս հավելավճար: Ամենաբարձր արդյունքները գրանցվել են համապատասխանաբար Սյունիքում, Շիրակում և Կոտայքում»:

Ըստ պատգամավորի՝ մանկավարժների կամավոր ատեստավորմանը մասնակցության նման ցածր ցուցանիշը պայմանավորված է տվյալ առարկայի նկատմամբ գիտելիքների հանդեպ անվստահությամբ և համարձակության բացակայությամբ, ինչպես նաև անորոշությամբ, թե ինչ էր սպասվում իրենց, քանի որ գործընթացը նոր էր:

«Սակայն չպետք է մոռանանք, որ բոլորիս նպատակն է, որ դպրոցներում մեր սերունդներին պետք է կրթեն բացառապես բարձր մասնագիտական որակավորում ունեցող մանկավարժներ»,-ասաց նա:

Հաջորդ տարվանից կամավոր ատեստավորմանը կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները: Պատգամավորը կոչ արեց ուսուցիչներին, որ մասնագիտական գիտելիքների ստուգման քայլին գնալու համարձակություն ցուցաբերեն՝ ապացուցելով, որ իրենք լավագույնն են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում