Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Երևանում ելույթ կունենա համաշխարհային համբավ վայելող թավջութակահար Սթիվեն Իսերլիսը

Երևանում ելույթ կունենա համաշխարհային համբավ վայելող թավջութակահար Սթիվեն 
Իսերլիսը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հանդես կգա խորաթափանց կատարողականությամբ և տեխնիկայի վարպետությամբ մեծ ճանաչում վայելող բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսերլիսը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա հոկտեմբերի 27-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։

 Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Կհնչեն Արվո Պյարտի Cantus Բենջամեն Բրիտտենի հիշատակին, Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտ «Երաժշտական ուխտագնացություն» ստեղծագործությունները, Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։

Սթիվեն Իսերլիսի ստեղծագործական կյանքը խիստ բազմազան է։ Նա համատեղում է մենակատարի, կամերային երաժշտի, մանկավարժի, գրողի, հաղորդավարի կարիերաները։ Երաժիշտը ելույթներ է ունենում աշխարհի առաջատար նվագախմբերի ու դիրիժորների հետ և մենակատարումներով հանդես է գալիս խոշոր երաժշտական կենտրոններում: 

Սթիվեն Իսերլիսը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում պատմական կատարողական ոճի նկատմամբ՝ աշխատելով տարբեր ժամանակաշրջանների երաժշտական գործիքներով նվագող բազմաթիվ նվագախմբերի հետ։ Նրա երկացանկն ընդգրկուն է՝ թավջութակի համար համաշխարհային դասական գրականության ընտիր նմուշներից մինչև ժամանակակից կոմպոզիտորների երկեր:

Իսերլիսը ստեղծագործում է նաև երեխաների համար: Նրա մանկական գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

Իսերլիսը նվագում է Ստրադիվարիուսի 1726 թվականին պատրաստած «Մարքիզ դը Կորբերոն» թավջութակը, որը նրան տրամադրել է Թագավորական երաժշտական ակադեմիան:

 «Արմենիա» փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]