Հասարակական

Գեղարքունիք գյուղում ավարտական փուլում է գտնվում խմելու նոր ջրատարի կառուցման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիք գյուղում ավարտական փուլում է գտնվում խմելու նոր ջրատարի կառուցման ծրագիրը

ԳԱՎԱՌ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում ավարտին է մոտենում խմելու նոր ջրատարի կառուցման ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիք համայնքի ղեկավար Արայիկ Աբրահամյանը, ծրագրով նախատեսվում է խմելու ջրատարի նոր խողովակաշարի կառուցում 1400 մետր երկարությամբ, որտեղ ազբեստյա խողովակները փոխարինվելու են մետաղապլաստե խողովակներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 15 միլիոն 200 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 10 միլիոն 900 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 4 միլիոն 800 հազար դրամը՝ Գեղարքունիքի համայնքապետարանը։

«Ծրագիրն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում նախատեսված է 1400 մետր երկարությամբ նոր խողովակաշարի կառուցում կամ ջրատարի ազբեստյա խողովակների փոխարինում մետաղապլաստե խողովակներով։ Այդ ջրատարը, որը միանգամից աղբյուրից սնում է համայնքը, կառուցվել է անցած դարի երկրորդ կեսին, մի քանի տասնամյակների վաղեմությամբ, մաշվել ու աստիճանաբար կորցնում է շահագործման պիտանիությունը։ 3 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ջրատարում կորուստները կազմում են ավելի քան 30 տոկոս։ Մյուս կողմից էլ հարկավոր է կարգավորել սանիտարահիգիենիկ խնդիրը, քանի որ ազբեստյա խողովակներով ջրամատակարարում կազմակերպելը առողջության պահպանման տեսանկյունից նպատակահարմար չէ։ Բացի այդ, այս ջրատարից ջուրը սպառողներին հասնում է միանգամից, առանց օրվա կարգավորիչ ջրամբար լցվելու։ Այդ պատճառով էլ ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է նաեւ օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցում ու եւս 1 600 մետր երկարությամբ ջրատարի խողովակաշարի փոխարինում մետաղապլաստե խողովակներով։ Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կապահովվի միանգամայն մաքուր ջրի մատակարարմամբ։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտված են 90 տոկոսով։ Ծրագրի երկրորդ փուլը կիրականացվի եկող տարվա ընթացքում»,-ասաց Արայիկ Աբրահամյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում