Թուրքիայում իշխող կոալիցիայի ուժերի վարկանիշը շարունակում է անկում ապրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գործող «Սոցիալական-քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ի կողմից սեպտեմբեր ամսին իրականացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող կոալիցիայում ընդգրկված ուժերի՝ «Արդարություն և Զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (AKP) կուսակցությունների վարկանիշը շարունակում է անկում ապրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ»-ը:
Սոցհարցման համաձայն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների միայն 32.3 տոկոսը, «Ազգայնական շարժում » կուսակցության (MHP) օգտին 7.8 տոկոսը (բավարար չէ անցողիկ շեմը հաղթահարելու համար):
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերից «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP) պատրաստ է քվեարկել հարցվածների 30.9%-ը, «Լավ» կուսակցության օգտին՝ (İYİ) 12.1 տոկոսը, իսկ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» օգտին՝ 11.3 տոկոսը: