ՀՀ-ում ավելացել են վատորակ սննդային սովորույթները. հետազոտություն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում համավարակով պայմանավորված արգելափակման շրջանում մարդկանց սննդակարգը վատացել է, վատորակ սննդային սովորույթներն ավելացել են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ «Էկո կենտրոն»-ի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, ներկայացնելով ՀՀ-ում բնակչության կողմից սննդամթերքի սպառման, սննդակարգի իրենց կողմից իրականացված հետազոտության արդյունքները, նշեց, որ դրանք որոշ մասով անակնկալ էին:
«Անակնկալ էր հետազոտության այն պատկերը, որ սննդակարգի փոփոխությունը դեպի վատորակ սննդային սովորույթներ տեղի ունեցան ոչ միայն խոցելի ընտանիքներում, որոնք աշխատանք էին կորցրել, ֆինանսական եկամուտների կրճատում էին ունեցել, այլև այն ընտանիքներում որտեղ ֆինանսական խնդիրներ չկային: Մարդիկ, մնալով տանը, ոչ թե լավորակ սննդային սովորույթների էին հետևել, ոչ թե պատրաստել էին աղցաններ, կերել էին բանջարեղեն, այլ տանը սկսել են ավելի շատ պատրաստել քաղցրավենիք, թխվածք, ուտել հացային, ճարպայուղային, շաքարային սնունդ: Ամենատարօրինակն այն է, որ տանը նույնպես շատերը շարունակել են պատվիրել արագ պատրաստվող սնունդ: Էլ չեմ խոսում գազավորված ըմպելիքների սպառման մասին»,-ասաց Դավիթ Պիպոյանը:
Մասնագետի խոսքով, այս արդյունքները խոսում են այն մասին, որ Հայաստանում վատորակ սննդային սովորույթները պայմանավորված չեն բացառապես ֆինանսական միջոցներով:
«Այո, անշուշտ կապ կա աղքատության, ընտանիքի եկամուտների և սննդակարգի միջև: Չի կարող ցածր եկամուտ ունեցող ընտանիքն անհրաժեշտ մթերքներն ապահովի: Դրանից բացի, երբ ընտանիքն ունի այդ միջոցները, դեռ չի նշանակում, որ նա ճիշտ է կազմակերպում իր սննդային սովորույթները»,-հավելեց Դավիթ Պիպոյանը: