Պաշտոնական

Ազգային ժողովը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդների

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդների

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը սեպտեմբերի 28-ին հյուրընկալել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Հայաստանում գտնվող մի խումբ սփյուռքահայ երիտասարդների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԱԺ-ից, հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-սփյուռք կապի եւ ակտիվ համագործակցության կարեւորության մասին:

Հարց ու պատասխանի ձեւաչափում պատգամավորն անդրադարձել է հայրենադարձությանը վերաբերող օրենքի անհրաժեշտությանը: Պատգամավորի խոսքով՝ նախագիծն արդեն հաջորդ տարի կդրվի շրջանառության մեջ:

Երիտասարդներն առաջարկել են ներգաղթը դարձնել մասնագիտական՝ ըստ անհրաժեշտ ոլորտների: Անդրադարձ է կատարվել Սփյուռքի դպրոցներում հայոց լեզվի դասավանդման անհրաժեշտությանը, նշվել է, որ այնտեղ ունեն մասնագետների կարիք: Առաջարկվել է ուսուցիչների թափուր աշխատատեղերի հարցը լուծել պետական մակարդակով:

Սփյուռքահայերը բարձրացրել են ՀՀ խորհրդարանում ներկայացուցիչ ունենալու հարցը` այդ համատեքստում կարեւորելով նաեւ իրենց մասնակցությունն ընտրական գործընթացներին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խոստացել է բարձրացված հարցերին անդրադառնալ վերոնշյալ օրենքի նախագծի քննարկման շրջանակներում եւ լուծումներ տալ դրանց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում