Քաղաքականություն

Արմեն Գևորգյանը մանրամասնեց՝ ԵԽԽՎ նիստին ներկա գտնվելու պարագայում կարևոր հարցեր էր ցանկանում բարձրացնել

2 րոպեի ընթերցում

Արմեն Գևորգյանը մանրամասնեց՝ ԵԽԽՎ նիստին ներկա գտնվելու պարագայում կարևոր հարցեր էր ցանկանում բարձրացնել

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ նիստին մասնակցելու դեպքում պատրաստվում էր Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցը բարձրացնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 24-ին մերժել էր Արմեն Գևորգյանի՝ ԵԽԽՎ լիագումար նիստին մասնակցելու համար արտասահման մեկնելու թույլտվություն ստանալու դիմումը։

Նույն օրը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտնել էր, որ ի համերաշխություն իր գործընկերոջը, նույնպես հրաժարվել էր մեկնել Ստրասբուրգ։

Լրագրողների հետ զրույցում Գևորգյանը հայտնեց, որ ինքը երկու կարևոր հարց պետք է բարձրացներ ԵԽԽՎ նիստում։

«Գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ բարձրացնելու էի հայ գերիների հարցը, թե ինչ է անում կամ անելու Եվրոպայի խորհուրդը, որպեսզի հնարավորինս շուտ այդ մարդիկ հայտնվեն իրենց տներում։ Պատրաստվում էի այնտեղ անձամբ հանձնել Հայաստանի պատրաստած Մարդու իրավունքների երկու զեկույցը։ Ըստ էության, այսօր ես զրկված եմ տեղում խորհրդարանական վեհաժողովի տարբեր ներկայացուցիչների հետ քննարկելու հնարավորությունից»,- նշեց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ինքը ցանկություն ուներ նաև տեղում հանդիպել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ և օրակարգում առկա շատ այլ հարցեր քննարկել։

«Եթե դատավորը կարողանում է հետաձգել նիստը, քանի որ ինքը պետք է գնա վերապատրաստումների, ապա ինչու թույլ չտրվեց ընդամենը 1 շաբաթով հետաձգել նաև այսօրվա նիստը, որպեսզի պատվիրակությունը լիարժեք կարողանար ներկայանալ խորհրդարանական վեհաժողովին»,- ասաց Գևորգյանը։

Սեպտեմբերի 28-ին մեկնարկած Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը դատարանը հետաձգեց մինչև հոկտեմբերի 5-ը։ Արմեն Գևորգյանը նոր պաշտպան ունի՝ Լուսինե Սահակյանը, և դատարանը վերջինիս մեկ շաբաթ ժամանակ տրամադրեց գործի նյութերին ծանոթանալու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում