Մշակույթ

Երևանում կանցկացվեն գորգագիտությանը նվիրված դասընթացներ

2 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվեն գորգագիտությանը նվիրված դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը վերսկսում է մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը նվիրված եռամսյա դասընթացները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ եռամսյա դասընթացներն այս անգամ նվիրված են գորգագիտությանը, ինչը հնարավորություն կտա գեղարվեստական գործվածքի վերաբերյալ ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ: Ծրագիրն իրականացվում է «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:

Դասընթացը նախատեսված է ոլորտի գիտաշխատողների, թանգարանային մասնագետների, մասնագիտական բուհերի ուսանողների (ԵՊՀ, ԵՊԿ, ԳՊԱ, ՀՊՄՀ) և բոլոր շահագրգիռ անհատների համար: Դասընթացներին կարող են գրանցվել նաև փորձաքննության մասին 2019 թ. տեսական գիտելիքներ ստացած մասնակիցները, որոնք ծանոթացել են մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության մի շարք ճյուղերի:

Դասավանդման նյութն ընդգրկելու է գեղարվեստական գործվածքի (գորգ, կարպետ) ծագման, աշխարհագրության, գեղազարդման համակարգի, ներկման, ծիսական նշանակության և այլ հարցերի շուրջ մասնագիտական տեսական ու գործնական դասախոսություններ: Դասընթացի ավարտին տրվելու է մասնակցության հավաստագիր:

Դասընթացի համակարգողն է պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ, ՄԱՓԿ փորձագետ Աշխունջ Պողոսյանը, դասընթացավարները՝ կենտրոնի հավատարմագրված փորձագետները:

Ծրագիրը հոկտեմբերի 6-ից կմեկնարկի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում