Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպանին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանի Հանրապետությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԺ-ն տեղեկացնում է, որ ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ վերջերս կայացած Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում արդյունավետ հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Յան Անտոնի Բրյաունի հետ եւ նրան պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Հանդիպումից որոշ մանրամասներ ներկայացնելով՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց մեր տարածաշրջանի նկատմամբ Նիդերլանդների առարկայական դիրքորոշման եւ Հայաստանի ժողովրդավարական առաջնահերթություններին աջակցելու համար:

ԱԺ նախագահն անդրադարձել է հարցերի շրջանակի, որոնցում ՀՀ-ն քաղաքական աջակցություն է ակնկալում իր գործընկերներից: Դրանք են խաղաղության հաստատումը մեր տարածաշրջանում, հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման շուտափույթ իրականացումը եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Նա ընդգծել է տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակությունների ապակառուցողական դիրքորոշումը՝ նշելով, որ նրանց հռետորաբանությունը միտված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը վերահաստատել է տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը:

Կողմերն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ հետագա համագործակցության խորացմանը նպաստող ճանապարհային քարտեզի մշակման անհրաժեշտությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում