Վարչապետը կարևորեց ՀԱՊԿ-ի համալրումը ժամանակակից և նոր, այդ թվում՝ անօդաչու կազմավորումներով
4 րոպեի ընթերցում

ԴՈՒՇԱՆԲԵ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվում է Հայաստանին, ինչի կապակցությամբ հայկական կողմը կցանկանար գործընկերներին առաջարկել կենտրոնանալ կազմակերպության դինամիկ զարգացմանն ու մեխանիզմների արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ հետևողական աշխատանքի վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքն արտաքին քաղաքական համակարգման և փոխօգնության խորացման ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների շահերը շոշափող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համակարգված մոտեցումների մշակման համար:
«Այդ նպատակով մենք մեծ նշանակություն ենք տալիս բազմամակարդակ խորհրդակցությունների պարբերաբար անցկացմանը, այդ թվում` «բարձր մակարդակի խմբի» ձևաչափով, որի անդամ են արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների տեղակալները: Մեր կարծիքով, համատեղ հայտարարություններ ընդունելու պրակտիկան իրեն արդարացրել է, և այն պետք է ընդլայնվի»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը:
«Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով»,- նշեց Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ Հայաստանը մտադիր է սերտորեն համագործակցել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ ՀԱՊԿ ուժերի մարտունակության, մարտական պատրաստության, ներդաշնակության և շարժունակության մակարդակը բարձրացնելու նպատակով:
«Կասկած չկա, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել և զարգացնել, ժամանակակից և նոր, այդ թվում՝ անօդաչու կազմավորումներով համալրել, դրանք ժամանակակից միջոցներով վերազինել և կատարելագործել դրանց ղեկավարումը:
Մեր կազմակերպության համար մեծ նշանակություն կունենա ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, տեղեկատվական անվտանգության ապահովման, թմրամիջոցների դեմ պայքարի և անօրինական միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների ու մեխանիզմների հետագա կատարելագործումը»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանն առաջարկում է քայլեր ձեռնարկել միջազգային ասպարեզում ՀԱՊԿ հեղինակության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ շահագրգիռ այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնման միջոցով, հավելեց երկրի ղեկավարը:
«Այս առումով կարևոր է առավելագույնս օգտագործել և զարգացնել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ կազմակերպությունների հետ առկա համատեղ աշխատանքային փորձը:
Մեր կարծիքով, նման հարցեր լուծելիս մենք կարող էինք հույս դնել նաև մեր խորհրդարանականների աջակցության վրա»,- եզրափակեց Փաշինյանը։