Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Իվան Կորչոկը կարևորել են ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու Իվան Կորչոկը կարևորել են ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը:

«Վարչապետը ողջունել է պարոն Կորչոկի այցը Հայաստան և կարևորել Սլովակիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը։ Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Սլովակիայի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետաքրքրություն է ցուցաբերվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ նախորդ տարի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, վերջինիս կողմից հայ ռազմագերիների վերադարձի պայմանավորվածությունը չկատարելուն, ինչպես նաև՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին:

Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, միջազգային հանրությունից Հայաստանի ակնկալիքներն ու ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը:

Ըստ հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը և շեշտել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակության կարևորությունը:

Սլովակիայի ԱԳ նախարարը նշել է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացման հարցում իր երկրի կառավարության շահագրգռվածությունը: Իվան Կորչոկը կարևորել է տնտեսության, այդ թվում՝ բիզնես կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մեծ պոտենցիալի իրացման կարևորությունը, նաև փոխանցել Սլովակիայի ղեկավարության բարեկամական ուղերձները հայ ժողովրդին ու Հայաստանի վարչապետին։

Պարոն Կորչոկը հայտնել է՝ տպավորված է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով ու շեշտել՝ չնայած համավարակի ու պատերազմի հետևանքներին, Հայաստանը բռնել է զարգացման ուղի։

Պարոն Կորչոկն ընդգծել է, որ Սլովակիան գնահատում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի ջանքերը և կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Սլովակիայի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարել տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը և իր երկրի աջակցությունը հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում