Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Նիդերլանդների դիրքորոշումն Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Նիդերլանդների դիրքորոշումն Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսին։

Հայաստանի ԱԳ նախարարն ու Նիդերլանդների դեսպանը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական հարաբերություններում առկա դրական դինամիկայի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ՝ կարևորելով Երևանում համեմատաբար վերջերս հիմնված Նիդերլանդների ռեզիդենտ դեսպանության դերը համագործակցության խորացման գործում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արարատ Միրզոյանը շեշտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ խորացնելու փոխգործակցությունը գյուղատնտեսության, նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի համատեքստում կողմերը ընդգծել են ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման շուրջ համագործակցության կարևորությունը։

Նախարար Միրզոյանը և դեսպան Սխերմերսը քննարկել են Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները։ Շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել նաև նիդերլանդական կողմի դիրքորոշումը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ, Նիդերլանդների խորհրդարանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դատապարտող բանաձևերի ընդունումը:

Միևնույն ժամանակ, նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողությունները և ագրեսիվ հռետորաբանությունը պետք է ստանան միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում