1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում առաջին շարժական կրթարան «Edu VanHub»-ը հյուրընկալվել է Տավուշի, Վայոց ձորի և Լոռու մարզերում

Հայաստանում առաջին շարժական կրթարան «Edu VanHub»-ը հյուրընկալվել է Տավուշի, 
Վայոց ձորի և Լոռու մարզերում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին շարժական կրթարանը՝ «Edu VanHub»-ը, որը միտված է մարզերում ապրող երեխաներին, պատանիներին մեդիագիտելիքներ հաղորդելուն, շարունակում է իր ճանապարհը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կրթարանի հիմնադիր Գևորգ Հարությունյանը պատմում է, որ 2021-ին ծրագրին մեկնարկ են տվել հունիսից, սակայն բուն դասընթացներն իրականացրել են հուլիսին և օգոստոսին՝ ոլորտի տարբեր մասնագետների հետ փոքր ավտոբուսով շրջելով Տավուշի, Լոռու, Վայոց ձորի մարզերում:

Ծրագիրը նախորդ տարի ներառել է նաև Ուկրաինան, սակայն այս տարի այցերը կազմակերպել են Հայաստանում՝ համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով:

«Մեր թիրախում մինչև 18 տարեկան պատանիներն են, սակայն հաղորդակցվում ենք նաև նրանց ծնողների, ջոկատների, համայնքապետարանների, դպրոցների ներկայացուցիչների հետ: 2021-ին ծրագրին մասնակցել է  180 շահառու, որոնց ծանոթացրել ենք որակյալ բովանդակություն ստեղծելու և այն համացանցում տեղադրելու եղանակներին, ինտերնետային գրագիտությանը, համացանցում որակյալ կրթություն գտնելուն, մեդիալրագրությանը և այլ թեմաների: Այս տարի մեծ ուշադրություն ենք դարձրել բլոգինգ-վլոգինգին, որովհետև հատկապես նոր սերունդը շատ է հետևում բլոգերներին, վլոգերներին»,- նշում է Հարությունյանն ու հավելում, որ փորձում են Հայաստանում հայտնի բլոգերների, վլոգերների միջոցով լավ բովանդակություն մատուցել, որ ծրագրի մասնակիցներն էլ իրենց ստացած գիտելիքների, հմտությունների միջոցով հետագայում կարողանան սեփական համայնքը ճիշտ ներկայացնել, բարձրաձայնել խնդիրները, զբոսաշրջային  վիդեոներ պատրաստել:

Ծրագրի հիմնադիրը ուրախությամբ է փաստում, որ արդեն իսկ տարբեր համայնքներից ստացել են տեսանյութեր, ինչը շոշափելի մեդիաարտադրանք է:

Հարությունյանի խոսքով՝ ծրագիրն արդյունավետ է ոչ միայն մասնակիցների, այլև իրենց համար: Մարզեր այցելելով, գյուղերի կյանքին ծանոթանալով՝ բացահայտում են մշակութային բազմաթիվ կոթողներ, փաստեր տվյալ վայրերի մասին, այցելում թանգարաններ, ինչը շատ հետաքրքիր է և ուսանելի:

Նախաձեռնության հեղինակները ծրագրի փակումն անելիս որոշել են կարևորել նաև էկոլոգիան մաքուր պահելու անհրաժեշտությունն ու ակտիվ մասնակիցների հետ մեկնել են Ապարան և հնարավորություն սահմաններում փորձել մաքրել անտառը:

Գևորգ Հարությունյանն ընդգծում է՝ իրենց գերխնդիրը հայկական կրթական բրենդ ստեղծելն է: «Ուզում ենք կրթությունը, ներմուծելուց զատ, նաև արտահանել: Տարիներ շարունակ արտերկրից մասնագետներ են այցելել մեզ ու փորձել այս կամ այն բնագավառի վերաբերյալ գիտելիքներ փոխանցել, մասնակցել ենք տարբեր ծրագրերի: Մենք ցանկացանք կոտրել կարծրատիպերն ու ցույց տալ, որ Հայաստանը ներուժ ունեցող երկիր է և կարող է կրթել: ԱՊՀ այլ երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և այլն ևս մեդիակրթության կարիք կա»,- նշում է Հարությունյանն ու հավելում, որ իրենք բաց են առաջարկությունների, քննարկումների համար:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները՝ Գևորգ Հարությունյանի «Ֆեյսբուքի» էջից

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]