ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում (հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ») 12-հարկանի շենքի կառուցման դեմբողոքող մի խումբ բնակիչներ ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շենքի բնակիչների ներկայացուցիչները հանդիպում են քաղաքապետարանի պատասխանատու անձանց հետ: Տարածքում բնակվող քաղաքացիները պնդում են, որ շենքի կառուցումն հակաօրինական է:
«Մեր բարձրացրած աղմուկից հետո պետական կառույցները սկսել են տեղից շարժվել` կասեցվել են աշխատանքները Բնապահպանության նախարարի կողմից: Նա ծանոթացել է փաստաթղթերին և տեսել, որ կառուցապատման աշխատանքները ՇՄԱԳ փորձաքննություն չեն անցել: Պետք է փորձաքննություն իրականացվի:
Բացի դրանից քաղաքապետարանի կողմից հրավեր է եղել, և մեր մի խումբ բնակիչներ իրավաբանների հետ ներսում են և ներկայացնում են կառուցումը դադարեցնելու բոլոր փաստացի հիմքերը»,- ասաց բնակիչներից մեկը:
Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տրամադրել կառուցապատողին, այս ընթացքում թաղամասի մի խումբ բնակիչներ պայքարել են բազմաբնակարան շենքի կառուցման դեմ: