Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փաշինյանը վերահաստատեց համանախագահների հովանու ներքո բանակցությունները վերսկսելու Հայաստանի պատրաստակամությունը

Փաշինյանը վերահաստատեց համանախագահների հովանու ներքո բանակցությունները 
վերսկսելու Հայաստանի պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և կառավարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստի ընթացքում  այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզը, որում Լեռնային Ղարաբաղին ուղղակիորեն առնչվող երկու կետ կար՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնումը, որքանով դա հնարավոր է և իրագործելի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը: «Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները, որ նրանք արտահայտել են նոյեմբերի 9-ին հաջորդած մի քանի հայտարարությունների մեջ՝ հստակ արձանագրվում է, որ մենք շարժվում ենք դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի լիարժեք վերականգնում: Հայաստանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ ողջունում է համանախագահների այդ մտադրությունը: Հայաստանը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով ներգրավվել բանակցային գործընթացում»,- մանրամասնեց Փաշինյանը:

Փաշինյանը նաև գոհունակությամբ արձանագրեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգով աշխատող եռակողմ աշխատանքային խումբն արդեն իսկ վերականգնել է իր գործունեությունը՝ համաձայն հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության:  

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին՝ վարչապետն ընդգծեց, որ այս հարցում Հայաստանը մի քանի անգամ իր դիրքորոշումն արտահայտել է, որը շարունակում է մնալ անփոփոխ: «Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների շուրջ մենք մեր պատրաստակամությունը մի քանի անգամ արտահայտել ենք: Հույս ունենք, որ այս բոլոր ուղղություններով կկարողանանք առաջ շարժվել»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ԼՂ-ում բնականոն կյանքը վերականգնելու գործում բավական ակտիվ գործունեություն են ծավալել՝ շեշտելով, որ այս ընթացքում Արցախում շուրջ 70 միլիարդ դրամի ծրագրեր են արդեն իսկ իրականացվել և շարունակվում է այդ ծրագրերի իրականացումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am