1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանում քննարկել սահմանային իրավիճակը

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանում քննարկել սահմանային 
իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   «Հայաստան» դաշինքը առաջարկում է Ազգային ժողովում քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարման կարգով ելույթի ընթացքում նման առաջարկ ներկայացրեց ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար  Սեյրան Օհանյանը: 

«Քանի որ այսօր երկու ընթերցումների արանքում ժամանակ ունենք, «Հայաստան» դաշինքը առաջարկում է փակ կամ բաց ռեժիմով, ինչպես դուք կորոշեք, պատասխանատու անձանց հետ քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերյալ, հաշվի առնելով այն, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանից, իմանանք իրավիճակը և հասարակության և ժողովրդի մտահոգությունները փարատենք»,- ասաց Օհանյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նույնպես նշեց, որ կարևոր է անվտանգային հարցերի քննարկումը: 

«Հարգելի հայրենակիցներ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոշտացրել է իր դիրքորոշումը այսպես կոչված խաղաղության պայմանագրի, սահմանագծման ու սահմանազատման հարցերում: Նա խոսում է դեստրուկտիվ նախապայմանների լեզվով: Ալիևը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ պետք է ներառվի Լեռնային Ղարաբաղը: Նա պահանջում է նաև հայկական զորքերի զրոյացում Արցախում ու սպառնում  նոր պատերազմով: Կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով էլ օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը: Ալիևն այնքան հեռու է գնացել իր ցանկություններում, որ Մոսկվայից պահանջում է սեփական պարտության հետ համակերպված Հայաստանին զենք չմատակարարել: Ադրբեջանի այս վարքագիծը չի բխում նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից: Ցավոք, պաշտոնական Երևանը դեռ չի պատասխանել Ալիևի հայտարարություններին, ինչն առնվազն տարակուսելի է: Ալիևը  Երևանի լուռ պահվածքը, թերևս, գնահատել է թուլության նշան ու անցել գրոհի: Ունենք զոհեր, գնդակոծվում են մեր բնակավայրերը, սա անթույլատրելի իրավիճակ է: Մենք խաղաղության ենք ձգտում, բայց ոչ մեր արժանապատվության, ազատության ու անկախության գնով»,- ասաց Թևանյանը:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Օհանյանի առաջարկը կքննարկեն ընդմիջմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]