Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Մեկ շաբաթվա կտրվածքով կորոնավիրուսի նոր դեպքերի 35 տոկոս աճ է արձանագրվել. վարչապետ

Մեկ շաբաթվա կտրվածքով կորոնավիրուսի նոր դեպքերի 35 տոկոս աճ է արձանագրվել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 16-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը, կանխարգելիչ միջոցառումները և պատվաստումային գործընթացը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում համաճարակային վիճակին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, նախորդ շաբաթ, դրան նախորդած շաբաթվա համեմատությամբ, նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի մոտավորապես 35 տոկոսի չափով աճ ենք ունեցել, և ակնհայտ է, որ աճի դինամիկա ունենք: Հիմա մեր նպատակն է՝ նախ այսօրվա ընթացիկ իրավիճակը հասկանալ և մտքեր փոխանակել առաջարկներ լսել հետագա անելիքների վերաբերյալ: Նաև քննարկել պատվաստումների հետ կապված դինամիկան և դրա վերաբերյալ մեր առաջիկա անելիքները: Նախ` կլսենք առողջապահության նախարարին, որից հետո նոր մտքեր կփոխանակենք»:

 Ըստ աղբյուրի՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը 2021 թվականի օգոստոսի 16-ի դրությամբ. արձանագրվել է ընդհանուր 234 814 դեպք, բուժում է ստանում 2704 անձ, առողջացել է 222 801 անձ, մահացել է 4702 անձ, մահվան ելքեր այլ պատճառով՝ 1136 անձ: Նախարարը նշել է, որ թե՛ աշխարհում, թե՛ մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը բավական լարված է. այդ մասին է խոսում դեպքայնության աճը, նաև օրական թեստավորումների թվի աճը: Այս պահին առկա է ծավալված 10 բժշկական կազմակերպություն, որտեղ հոսպիտալացված է 929 քաղաքացի, ծանր վիճակում է գտնվում 483 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 100 քաղաքացի:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ պատվաստումային գործընթացի վերաբերյալ նախարարը զեկուցել է, որ աճի դինամիկա է նկատվում. այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թիվը 220 000-ից ավելի է, ընդ որում՝ դրանից շուրջ 100000-ն իրականացվել է վերջին ամսվա ընթացքում: Պատվաստանյութերով հագեցվածությունը բավարար մակարդակի վրա է, առաջիկա օրերին նախատեսվում է նոր խմբաքանակի ստացում: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը շարունակում է մնալ վարակի տարածումը կանխարգելող առավել արդյունավետ միջոց. այդ մասին է վկայում նաև այն, որ չնայած աշխարհում դեպքայնության աճին՝ այն երկրներում, որտեղ պատվաստվածության մակարդակը բարձր է, քովիդով պայմանավորված հոսպիտալացման ցուցանիշը ցածր մակարդակի վրա է: Նախարարը նշել է, որ համապատասխան փոփոխություններ են իրականացվում, և նախատեսվում է, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգում պատվաստումների ընթացքին՝ նշելով, որ հուլիսի վերջի դրությամբ այդ ցուցանիշը հասել է 53 տոկոսի: Գործընթացը շարունակվում է:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների պահպանման, վերահսկողության ուժեղացման, պատվաստումային գործընթացի խթանման, հնարավոր  սահմանափակումներին վերաբերող հարցեր: Եվս մեկ անգամ կարևորվել է հանրային լայն իրազեկում իրականացումը թե՛ վերահսկողության խստացման, թե՛ պատվաստման արդյունավետության վերաբերյալ, ինչը թույլ կտա կառավարելի պահել համաճարակային իրադրությունը:

Վարչապետի դիտարկմամբ՝ վիճակագրության վերլուծությունը վկայում է, որ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում լարվում է, և պետք է խստացնել վերահսկողությունը հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ: Մասնավորապես, պետք է խստացվի փակ տարածքներում դիմակների կրման նկատմամբ վերահսկողությունը, և պատկան մարմինները պետք է ակտիվ աշխատանք իրականացնեն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի համաճարակային իրավիճակը մնա կառավարելի, և լոքդաունի գնալու անհրաժեշտություն չառաջանա, ինչպես որ ներկայում արվում է տարբեր երկրներում:

Քննարկման արդյունքներով կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]