Կառավարությունը որոշեց ավելի շատ ջուր բաց թողնել Սևանա լճից
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Սևանից ջրառի նպատակով բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել՝ 170 մլն խմ չափաքանակը դարձնելով մինչև 245 մլն խմ։
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց՝ օրենքով ամրագրված է, որ լճից բաց թողնվող ջրի չափաքանակը 170 մլն խմ է, բացթողումներն իրականացվում են կառավարության ամենամյա որոշումներով։
«2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարներում լցվածությունը եղել է 226 մլն խմ, որը 2020 թվականի 351 մլն-ի համեմատ պակաս է 125․77 մլն-ով։ Շոգ եղանակով ու տեղումների սակավությամբ պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը։ Եվ ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվելեն պլանավորվածից շուտ ջրի բացթողումներ»,- ասաց նախարարը։
Սևանա լճից 2021 թվականին նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրի բացթողումներն սկսվել են 10 օր շուտ։ Եվ այդ ընթացքում արդեն իրականացվել է 19 մլն մետր խորանարդ ջրառ։ «Նկատի ունենալով վերոնշյալը՝ Սևան-Հրազդան համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մասրիկի ջրամբարներից չնախատեսված ջրահամալրում իրականացնելու պատճառով օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ջրամբարներում առաջացել է 21․43 մլնխմ ջրի դեֆիցիտ»,- ասաց Գնել Սանոսյանը։
Ըստ նրա՝ փաստացի իրավիճակը և գետերի բազմամյա ջրագրության տվյալները վկայում են, որ այս տարի Սևանից ջրառի նպատակով հնարավոր կլինի վերցնել 116 մլն խմ ջուր՝ նախատեսված 170 մլն-ի փոխարեն։ Եվ այստեղ նույնպես առաջանում է 54 մլն խմ դեֆիցիտ։ «Նախագծով առաջարկվում է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2021 թվականի բացթողնման 170 մլնխմ չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 245 մլն խմ»,- հավելեց նախարարը։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանննշեց, որ այսօր նախորդ տարվա նույն օրվա համեմատ Սևանա լճի մակարդակը 4 սմ-ով ցածր է։ Օրական լճից 2-2․5 մլն խմ ջուր է բաց թողնվում։
Կառավարությունը հաստատեց նախագիծը, Գնել Սանոսյանն ասաց, որ սա վերջնական է, այս տարի ջրառի ավելացման հարցով այլևս չեն դիմի։