Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՔՊ-ն պնդեց՝ քվեարկելիս հաշվի են առել 1 պատգամավորի բացակայությունը. ընդդիմությունն իշխող ուժին մեղադրեց փաստերը շրջելու մեջ

ՔՊ-ն պնդեց՝ քվեարկելիս հաշվի են առել 1 պատգամավորի բացակայությունը. 
ընդդիմությունն իշխող ուժին մեղադրեց փաստերը շրջելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պնդում է՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր թեկնածու Իշխան Սաղաթելյանին ընտրելու համար քվեարկելիս հաշվի են առել «Հայաստան» խմբակցությունից բացակա պատգամավորի հանգամանքը, ավելացրել են կողմ քվեարկողների թիվը, որպեսզի ապահովեն նվազագույն ձայներ ընտրության համար. ընդդիմությունն էլ իր հերթին իշխանությանը մեղադրում է մեղքն ուրիշի վրա բարդելու և փաստերը շրջելու մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պարզաբանեց՝ իրենք, ցանկանալով ապահովել, որ ԱԺ բոլոր մարմինները բնականոն կերպով ձևավորվեն և խորհրդարանն անցնի իր բնականոն աշխատանքներին, հայտարարել էին, որ չեն խոչընդոտելու Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումները կյանքի կոչելու գործընթացին: «Հետևաբար մենք ապահովել ենք նվազագույն անհրաժեշտ ձայների քանակը, որ Սաղաթելյանն ընտրվեր: Եվ ինչ ենք հաշվի առել՝ նվազագույն շեմ ասելով: Քանի որ Սաղաթելյանը երկու ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածուն էր, ապա դա նշանակում է, որ պետք է քվեարկությանը մասնակցեր ընդդիմության 34 պատգամավոր: Ըստ այդմ՝ մենք նախատեսել էինք ձայների այնպիսի բաշխվածություն ապահովել, որ լրացվի բացը և Սաղաթելյանն ընտրվի: Սակայն ընդդիմության 34 պատգամավորներից մեկը, որը եղել է ազատության մեջ, մասնակցել է քննարկումներին, իսկ այսօր չմասնակցեց ձեր միասնական թեկնածուի ընտրության քվեարկությանը»,-ասաց Կոնջորյանը:

Նա հավելեց, որ ՔՊ-ն նախապես իմացել է, որ «Հայաստան»-ից մեկ պատգամավոր՝ Դավիթ Սեդրակյանը, բացակա է: «Մենք մեր ձայների նվազագույն շեմում նաև դա էինք հաշվի առել և ավելացրել էինք քվեարկողների թիվն այնքանով, որպեսզի անհրաժեշտ քանակի ձայները ստանա պարոն Սաղաթելյանը»,-ասաց նա:

Կոնջորյանը հավելեց՝ եթե ամեն ինչ գնար իր նկարագրած սցենարով, ապա Սաղաթելյանը պետք է ստանար 55 կողմ ձայն՝ ներառյալ բացակայությունը: Սակայն Իշխան Սաղաթելյանը ստացել էր 53 կողմ, 50 դեմ ձայներ, մեկ քվեաթերթիկ համարվել էր անվավեր: «Մնացած հետևությունները, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ, որ անեք դուք: Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը իմ նկարագրած սցենարի մասով՝ ներառյալ բացակա պատգամավորի մասը: Խնդրում ենք, որպեսզի դուք ապահովեք ձեր քվեարկությունները: Եթե կզգաք, որ կարիք կա, որպեսզի մենք ևս երկու ձայնով ավելացնենք, խնդրում ենք մեզ տեղյակ պահեք»,-ասաց Կոնջորյանը:

ԱԺ նախագահի տեղակալի ընդդիմադիր թեկնածու Իշխան Սաղաթելյանն էլ եզրափակիչ ելույթում արձագանքեց. «Դուք ձեր քվեարկությամբ հաստատեցիք իմ այն միտքը, որ հաճախ հայտարարում եք մի բան, անում եք մեկ ուրիշ բան, և կրկին փորձում եք մեղքը բարդել ուրիշի վրա»:

Նա իշխանությանը մեղադրեց փաստերը ամբողջությամբ շրջելու և այլ կերպ ներկայացնելու մեջ:

Խորհրդարանն այժմ երկրորդ անգամ է անցկացնում ԱԺ փոխնախագահի ընտրության քվեարկություն: Ընդդիմության թեկնածու Իշխան Սաղթելյանն առաջին քվեարկությամբ չէր ընտրվել, չէր բավարարում 1 ձայն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]