Քաղաքականություն

Իշխան Սաղաթելյանի ընտրվելու համար չի բավարարել 1 ձայն. «Հայաստան» խմբակցությունից մեկ պատգամավոր երկրում չէ

2 րոպեի ընթերցում

Իշխան Սաղաթելյանի ընտրվելու համար չի բավարարել 1 ձայն. «Հայաստան» խմբակցությունից մեկ պատգամավոր երկրում չէ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը Հայաստանում չէ և չի մասնակցել ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրության քվեարկությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրության արդյունքները հայտարարելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ իր տեղեկությամբ «Հայաստան» խմբակցությունից Դավիթ Սեդրակյանը հանրապետությունից դուրս է գտնվում: Նա հետաքրքրվեց, թե արդյոք այդ տեղեկությունը ճի՞շտ է: «Ինչպե՞ս եք վերաբերում ձեր գործընկերոջ այդ վերաբերմունքին, որ ձեր ընտրությանը փաստացի չմասնակցեց և գտնվում է ՀՀ-ից դուրս: Ինչքանով ես եմ տեղյակ, հանգստի է մեկնել»,-ասաց Ալեքսանյանը:

Իշխան Սաղաթելյանն արձագանքեց. «Մեր գործընկերը հանրապետությունից դուրս է գտնվում: Այդ մասին նախօրոք հայտարարել էր»,-ասաց Սաղաթելյանը:

Նա հավելեց, որ այդ մասին ՔՊ-ն մինչև քվեարկությունը գիտեր:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ նշեց, որ երբ ասում էին, որ իրենց երկու գործընկերներ ԱԺ նիստերի դահլիճում չեն և զրկված են ընտրելու և ընտրվելու իրավուքից, դա նկատի ունեին (խմբ. նկատի ունի խմբակցության երկու կալանավորված անդամներ Իշխան Զաքարյանին և Արթուր Սարգսյանին): «

Մեր երկու ընկերներ չկարողացան մասնակցել քվեարկությանը: Եթե նրանք կարողանային մասնակցել, պատկերը կլիներ այլ, ոչ թե մեկ հոգու պատճառով չի անցել, այլ 1+2: Չբավարարեց մեկ ձայն, որովեհտև մեկ ընկեր հանրապետությունում չէ, սակայն երկուսը հանրապետությունում են և հասանելիության պայմաններում»,-ասաց նա:

ՔՊ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սաղաթելյանի ընտրության համար կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայները:

ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրության քվեարկությանը մասնակցել էր 104 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ համարվել էր անվավեր, կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում