Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Սեյրան Օհանյանը չի կիսում իշխանության տեսակետը, թե ապաշրջափակումն օգուտ է լինելու Հայաստանին  

Սեյրան Օհանյանը չի կիսում իշխանության տեսակետը, թե ապաշրջափակումն օգուտ է 
լինելու Հայաստանին

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղության ֆոնին Հայաստանի հակառակորդները միշտ այլ նպատակ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու հարցին: Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո մեր իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման և պարտադրանքի ներքո են գտնվում։

Սեյրան Օհանյանը չի կիսում իշխանության տեսակետը, թե ապաշրջափակումն օգուտ է լինելու Հայաստանին և՛ տնտեսական, և՛ այլ առումներով։

«Մեր տեսակետն այլ է: Նախ պետք է հասկանանք, որ խաղաղության ֆոնին մեր հակառակորդները միշտ այլ նպատակ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների։ Եթե նույնիսկ լինի իրական սահմանազատում և սահմանագծում, դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ քարի, մահակի և այլ խոշոր սադրանքների, միգուցե նաև լայնածավալ պատերազմական գործողությունների հավանականությունն իջնում է»,- նշեց նա։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով` սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար Հայաստանը բավարար և անհրաժեշտ պայմաններ՝ իրավական հիմքեր, քարտեզներ չունի, այդ իսկ պատճառով չպետք է արագ տեմպերով մտնի այդ գործընթացի մեջ, իսկ ստեղծված իրավիճակում առաջնային խնդիր պետք է դարձնի սահմանների ամրապնդումը։

«Այսօր այդ խաղաղության պայմանները չկան, որ մենք անցնենք դրան։ Այդ իրավիճակում մեր սահմանները պետք է ամրապնդենք, և ԱԺ-ն իր գործառույթների շրջանակում պետք է այդ վերահսկողությունն իրականացնի, աջակցի զինված ուժերին։ Նաև այն ղեկավարներին, ովքեր պատասխանատու են սահմանների համար, կանչի թե հաշվետվության, թե հարցապնդումների, թե այլ գործընթացների: Նրանց հետ միասին գնա տեղում ճշտումներ կատարի և մենք մեր սահմանները պահպանենք: Այլ բան է, որ Ադրբեջանն այսօր ներխուժել է, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք գնում ենք դիվանագիտական ճանապարհով։ Միայնակ դիվանագիտական ճանապարհով այդ խնդիրը լուծելը շատ դժվար է։ Դա պետք է անենք մեր ռազմավարական գործընկերների և ՀԱՊԿ-ի հետ»,- ասաց Օհանյանը:

 Պատգամավորի պնդմամբ՝ այս պայմաններում ճանապարհների ապաշրջափակում իրականացնելու դեպքում Հայաստանը, հատկապես Սյունիքի հատվածը ենթարկվելու է տնտեսական մեծ ճնշման, և այս վերջին հատվածում հակառակորդը փոխելու է ժողովրդագրական պատկերը։

«Պարզ ասած թուրքերը գալու են լցվեն և տնտեսական ճնշման ենթարկեն մեզ, մեր համերկրացիների և այլ անուններով գնելու են անշարժ գույք, ինչը մեզ ոչ մի օգուտ չի տալու»,- եզրափակեց Օհանյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]