Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոչ ոք անմասն չի մնացել պատերազմից. Ռուբինյանը Մանուկյանին հորդորեց ներողություն խնդրել հարազատ կորցրած պատգամավորներից

Ոչ ոք անմասն չի մնացել պատերազմից. Ռուբինյանը Մանուկյանին հորդորեց 
ներողություն խնդրել հարազատ կորցրած պատգամավորներից

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանին հորդորեց ներողություն խնդրել 44-օրյա պատերազմում հարազատներ կորցրած պատգամավորներից՝ այն բանի համար, որ Մանուկյանը պնդել էր, թե պատերազմի զոհերի թվում պաշտոնյայի որդի, ընկեր, հարազատ չկա:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արեգնազ Մանուկյանը իշխանության մեղադրեց պատերազմից 10 ամիս անց ամենակարևոր թվերը՝ զոհերի, անհետ կորածների, գերիների, վիրավորների, հաշմանդամ դարձած անձանց ճշգրիտ տվյալները չներկայացնելու համար:

«44 օրում մենք տվեցինք գրեթե նույնքան զոհ, որքան Արցախյան առաջին պատերազմի տարիներին, բայց այդ հազարավոր զոհերի, վիրավորների, գերիների մեջ չկար գոնե մեկ հոգի, ով կապված է հեղափոխական և ժողովրդական հռչակված իշխանության ներկայացուցիչների հետ: Ուշագրավ է, որ 5000-ին մոտ զոհերի մեջ չկա գոնե մեկ գործող պաշտոնյայի որդի, հեռու բարեկամ կամ ընկեր….»,-ասաց նա ու հավելեց՝ ինքը ոչ մեկի մահը չի ցանկանում, եթե նա Հայաստանի և Արցախի վրա հարձակվող թշնամի չէ:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստը վարողի իրավունքով արտահերթ ելույթ ունեցավ՝ արձագանքելով Մանուկյանի ելույթի այդ հատվածին: «ՔՊ-ից պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որը հիմա դահլիճում չէ, մասնակցել է 44-օրյա պատերազմին և վիրավորվել է, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի զարմիկը զոհվել է պատերազմում, Մաթևոս Ասատրյանի եղբորորդին զոհվել է»,-ասաց Ռուբինյան ու հավելեց՝ ասում է միայն այն մասը, որոնց մասին ինքը գիտի:

Նա հարցրեց Մանուկյանին՝ փորձո՞ւմ է հասկանալ, թե այդ պատգամավորներն ինչ էին զգում նրա ելույթի ժամանակ: Ռուբինյանը խնդրեց ոչ հրապարակային ձևով, բայց հետո մոտենալ այդ անձանց և ներողություն խնդրել: «Կարծում եմ՝ ամենավատ բանը, որ հիմա կարող ենք անել՝ զոհերով մրցելն է: Դա ուղղակի խայտառակություն կլինի: Այն մասշտաբի պատերազմը, որը տեղի է ունեցել, չի անցել ոչ ոքի կողքով, ոչ ոք անմասն չի մնացել, բոլորն ունեն բարեկամներ, հարազատներ: Եթե կա մի բան, որը չենք կարող բաժանել, այն մարդիկ են, որոնք անձնազոհաբար կռվել են հանուն հայրենիքի ու այն փառավորվածներն են, որոնք ընկել են հանուն հայրենիքի: Եվ հավերժ փառք Գեղամ Նազարյանի որդուն, Վաղարշակ Հակոբյանի զարմիկին, Մաթևոս Ասատրյանի եղբորորդուն, բոլոր մյուս ներկաների բարեկամներին և ընկերներին, որոնք ընկել են: Եվ խոնարհումս պարոն Ասլանյանին, որը կռվել է հանուն հայրենիքի, խոնարհումս պարոն Սեյրան Օհանյանին, որն առաջին պատերազմում վիրավորվել է, կորցրել է ոտքը»,-ասաց Ռուբինյանն ու հորդորեց պատգամավորին նման բան այլևս չանել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]