Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Ունենք ընտրության երկու ճանապարհ. Ռուբինյանը ընդդիմադիրներին առաջարկեց ծավալել կոշտ, բայց քաղաքակիրթ բանավեճեր

Ունենք ընտրության երկու ճանապարհ. Ռուբինյանը ընդդիմադիրներին առաջարկեց 
ծավալել կոշտ, բայց քաղաքակիրթ բանավեճեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիր գործընկերներին առաջարկում է հնարավորինս հանդուրժող մթնոլորտում ծավալել ծրագրային քննարկումներ՝ երկրի ապագայի մասին և  բոլորին ցույց տալ, որ հայ ժողովուրդը չի հանձնվել, չի կոտրվել, պաշտպանելու է իր  ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից ունեցած իր ելույթում:

Նա նախ շնորհավորեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին՝ խորհրդարանում ներկայություն ստանալու առիթով: Այնուհետև հավելեց՝ եթե երբևիցե ԱԺ ամբիոնից վիրավորի կամ զրպարտի ընդդիմադիր գործընկերներին, դա կլինի վիրավորանք՝ նրանց վստահության քվե տված քաղաքացիների մի մասին և նույնը՝ իրենց նկատմամբ:

«Այս համատեքստում ես հպարտ եմ, որ թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած արդեն երկրորդ ազատ և արդար համապետական ընտրությունները վերջնականապես փակել են իշխանությունների լեգիտիմության  հարցը և ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը հնարավորություն են տվել ծավալել իրապես քաղաքական, քաղաքակիրթ, կոշտ, բայց հանդուրժող քաղաքական բանավեճեր: Ես և իմ քաղաքական ուժը մտադիր ենք օգտվել այդ հնարավորությունից, և ես ու իմ քաղաքական ուժը մտադիր ենք օգտվել այդ հնարավորությունից, և ես լիահույս եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները նույնպես կօգտվեն այդ հնարավորությունից»,- ասաց Ռուբինյանը:

Նա շեշտեց՝ նախորդ տարին իրապես դժոխային է եղել. պատերազմ, զոհեր, համաճարակ, քաղաքական ճգնաժամ: «Եվ հիմա էլ շարունակում ենք ականատես լինել, թե ինչպես է մեր բոլորի հայրենիքը վտանգի տակ, առկա են վտանգներ մեր ինքնիշխանությանը, մեր տարածքային ամբողջականությանը, Արցախին: Եվ այս պայմաններում, կարծում եմ, մենք ունենք երկու ընտրություն՝ կամ շարունակաբար մեղադրել միմյանց, մտնել ինքնաոչնչացման փուլ, մեր հայրենակիցների արյունը և թշնամու հարձակումները դարձնել քաղաքական կապիտալ, կամ հնարավորինս հանդուրժող մթնոլորտում փորձել վերլուծել և հասկանալ մեր 30-ամյա սխալները և ծավալել ծրագրային քննարկումներ՝ մեր երկրի ապագայի մասին և  բոլորին ցույց տալ, որ հայ ժողովուրդը՝ իր բոլոր մասնիկներով՝ իշխանությամբ և ընդդիմությամբ, աշխատավորներով և մտավորականությամբ, արցախցիներով և երևանցիներով, լոռեցիներով չի հանձնվել, չի կոտրվել, պաշտպանելու է իր  ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում քաղաքական, դիվանագիտական ճանապարհով՝ փորձելով հնարավորություն ստեղծել տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու»,-ասաց նա:

Ռուբինյանը հավելեց՝ ինքն ընտրում է երկրորդ ճանապարհը և բոլորին առաջարկում է ընտրել երկրորդ ճանապարհը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]