Քաղաքականություն

Հայտնի են ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածուները. «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն «Հայաստան» խմբակցությունից է

2 րոպեի ընթերցում

Հայտնի են ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածուները. «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն «Հայաստան» խմբակցությունից է

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութերորդ գումարման Ազգային ժողովի երեք խմբակցություններն առաջադրեցին ԱԺ նախագահի պաշտոնի իրենց թեկնածուներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ առաջին նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց ՔՊ-ի՝ ԱԺ նախագահի թեկնածուին: «ՔՊ-ն ԱԺ նախահագահի թեկնածու է առաջադրում Ալեն Ռոբերտի Սիմոնյանին»,- ասաց նա:

«Հայաստան» դաշինքից Սեյրան Օհանյանը հայտնեց, որ խմբակցության անունից ԱԺ նախագահի թեկնածու են առաջադրում Մխիթար Զաքարյանին:

«Պատիվ ունեմ»-ից Արթուր Վանեցյանն էլ հայտնեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնին է ներկայացվում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը:

«Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը, թեկնածուին ներկայացնելիս, իր ելույթում ասաց. «Խմբակցությունը ներկայացրեց Մխիթար Զաքարյանի թեկնածությունը ոչ միայն այն պատճառով, որ մենք այսօր այս պահին ունենք Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված իրավունքի հիմնարար ոտնահարման փաստ՝ առ այն, որ Զաքարյանը, ընտրված լինելով ԱԺ պատգամավոր, այսօր բացակայում է այս դահլիճից՝ ոչ իր կամքով, այլ գտնվում է ապօրինի անազատության մեջ»:

Նա հավելեց, որ հետևողականորեն պայքարելու են իրենց ընկերների ազատության համար:

Մինասյանը շեշտեց, որ գործ ունեն մի անձի հետ, որ Արցախի պատերազմի առաջին օրվանից կանգնած է եղել հայրենիքի պաշտպանության առաջին գծում:

ԱԺ նախագահ ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Արթուր Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 18-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին: Նրան մեղադրանք է առաջադրվելՔրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով(պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում