Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Պետությունը պետք է օգնի այն մարդուն, որն ուզում է ստանալ կրթություն և չպետք է օգնի դիպլոմ ուզողին. Նիկոլ Փաշինյան

Պետությունը պետք է օգնի այն մարդուն, որն ուզում է ստանալ կրթություն և չպետք է 
օգնի դիպլոմ ուզողին. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսանողներին աջակցելու ծրագրերը պետք է ունենան ոչ միայն սոցիալական, այլ նաև առաջադիմության ուղղվածություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրում նոր խմբերի ներգրավման նախագծին, որն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:

«Եթե միայն հիմքում դրվում է սոցիալական բաղադրիչը՝ ունենում ենք ուսանողներ, որոնք հետագայում չունենալով բավարար գիտելիքներ, չեն կարողանում աշխատանք գտնել: Պետությունը պետք է օգնի այն մարդուն, որն ուզում է ստանալ կրթություն, բայց պետությունը չպետք է օգնի մարդուն, ով ուզում է դիպլոմ:

Վերջին 30 տարում մենք տեսել ենք մի իրավիճակ, երբ բարձրագույն, կամ ցավոք սրտի չակերտավոր բարձրագույն կրթության հնարավորություններն այնքան են մեծացել, որ միջին մասնագիտական կրթության ոլորտը կանգնել է կոլապսի առաջ: Մարդիկ մտածում են՝ ինչու ստանալ միջին մասնագիտական կրթություն, եթե կարելի է ստանալ բարձրագույն կրթության դիպլոմ: Հետևաբար, մենք պետք է պայմանները խստացնենք, չափորոշիչներն ավելի բարձրացնենք, ու իհարկե, կրթական հնարավորություններն ընդլայնենք, որպեսզի մեր բուհերը լինեն ոչ թե ուսման վարձ հավաքող հիմնարկություններ, այլ պատշաճ մրցունակ կրթություն ապահովող հաստատություններ, ինչը մեր ռազմավարական ուղղություններից մեկն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ Եվրամիության կողմից տրամադրվող 2,6 մլրդ եվրոյի փաթեթում ներառվել են նաև միջին մասնագիտական կրթությունը խթանող ծրագրեր: «Հույս ունենք, որ դրա իրագործման արդյունքում մեծ քանակի մասնագետներ կունենանք, որոնք կամ իրենց սեփական փոքր, միջին բիզնեսը կսկսեն, կամ էլ կլրացնեն այդ ոլորտում առկա թափուր աշխատատեղերը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը և հավելել, որ ներկայումս նաև շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ պատրաստվում է տնտեսության համապարփակ վերլուծություն, որը հնարավորություն կտա սկսել կրթության համակարգին տնտեսության պահանջարկին համահունչ կրթական պատվեր տալու գործընթաց:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այս ուղղությունը կապված է կոնկրետ իրադրության հետ. Հայաստանի Հանրապետությունում ունենք բավական մեծ ծավալի գործազրկություն, մյուս կողմից ունենք աշխատուժի ներգրավման պրոբլեմ մի շարք ոլորտներում: Ընդ որում, խոսքը տարբեր որակավորման մասնագիտությունների մասին է, բայց լավ մասնագետների լուրջ պրոբլեմ կա բոլոր ոլորտներում: Մենք դա անընդհատ արձանագրում ենք մեր վերլուծություններով, գործարար միջավայրի հետ մեր շփումներով: Այս պրոբլեմն իր արմատներով հասնում է կրթական համակարգին և կրթական համակարգի նկատմամբ վերաբերմունքի մշակույթի հետ է առնչվում: Եվ, այո, պետք է արձագանքենք այն պահանջներին, որոնք արձանագրվում են տնտեսության մեջ»:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]