Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններն անում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը թույլ չտալու համար. Փաշինյան

Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններն անում է տարածաշրջանային 
կոմունիկացիաների բացումը թույլ չտալու համար. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ ընտրություններում ստացել է Հայաստանի ու Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում:

«Ընտրություններից հետո, սակայն, տեղի ունեցավ ու տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար ու սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե Հայաստանը կամ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման ու սահմանագծման գործընթացներին ու այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք նաև վերջին օրերին»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական ու արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ուղղությամբ, և Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի ու հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ:

«Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններն անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը թույլ չտալու համար, որովհետև Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացի քաղաքականությունը, բայց մենք շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ ու Ռուսաստանի, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է ու փորձում է խոչընդոտել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ իրականությունն ուղիղ հակառակն է, այդ Ադրբեջանն է դեմ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, որովհետև ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի ու ՀԱՊԿ-ի մեխանիզմների  գործարկմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am