Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Վրաց նախարարը Սադախլո-Բագրատաշենի կամուրջի կառուցումը համարում է հայ- վրացական բարեկամության ևս մեկ օրինակ

Վրաց նախարարը Սադախլո-Բագրատաշենի կամուրջի կառուցումը համարում է հայ-
վրացական բարեկամության ևս մեկ օրինակ

ԲԱԳՐԱՏԱՇԵՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի տարածքային զարգացման ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա նոր կամուրջի կառուցումը համարում է հայ-վրացական բարեկամության ևս մեկ վկայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Մենք ավանդույթ ունենք, կառուցում ենք կամուրջները միասին, և այդ կամուրջները անվանում ենք բարեկամության կամուրջներ։ Հիմա այս շուրջ 200 մետր երկարությամբ կամուրջը անվանել ենք «Բարեկամության կամուրջ», որը բացվելու է հաջորդ տարի: Սա ենթակառուցվածքների առումով լավագույն ծրագիրն է, որը փաստում է, թե որքան բարեկամական են հայ և վրացի ժողովուրդները»,-ասաց Կարսելաձեն:

Նա նկատեց, որ սա առաջին համատեղ ծրագիրն է, սակայն հավելեց, որ հիմք կա՝ քննարկելու  համատեղ նոր ծրագրեր: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը վրացի գործընկերոջը ներկայացրել է այն լայնամասշտաբ  ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում: Կարսելաձեն իր հերթին ևս ներկայացրել է Վրաստանում իրականացվող լայնամասշտաբ ծրագրերը: Կարսելաձեն կարևորեց  այս փորձը՝ համատեղ ծրագրերի իրականացման համար։ «Կարելի է ասել, որ մենք նոր համատեղ ծրագրեր իրականացման ճանապարհին ենք»,-նշեց նա:

Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրեց, որ կամուրջի կառուցման հարցը քննարկվել է դեռևս 2012 թվականից, 2017 թվականին ստորագրվել  է վարկային համաձայնագիրը, բայց աշխատանքները կարևոր պատճառներով տեղի չի ունեցել։ «Մեր համատեղ ջանքերի արդյունքում կարողացանք հասնել նրան, որ այդ աշխատանքը տեղի ունենան: Հայաստանի հյուսիսային ուղղությունը՝ ոչ միայն Վրաստանի, այլև ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ մեր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ճանապարհը անցնում է հենց այս կամրջով։ Իհարկե, մենք ունենք այլ անցակետեր, բայց սա ամենաինտենսիվ շահագործվող ուղղություն է, որովհետև դեպի Լարս տանող ճանապարհը անցնում է հենց այստեղով։Հիմա աշխատանքներ ենք տանում, որպեսզի կարողանանք բեռնաթափել այս ուղղությամբ հիմնական ուղևորափոխադրումներ, բեռնափոխադրումները»,-ասաց Պապիկյանը:

Նա տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են տարվում դեպի Գոգավան տանող ճանապարհը  բարեկարգելու ուղղությամբ։ Այս տարի այդ աշխատանքները կավարտվեն։  Հայաստանի կողմից շուրջ 40 կմ ճանապարհ այս պահին կառուցվում է, գործընկերները նախորդ տարի կառուցել են իրենց հատվածը։

Կամուրջի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի մայիսին:

Հուլիսի 9-ին մեկնարկել են  Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա նոր կամրջի շինարարական աշխատանքները։ Նոր կառուցվող կամուրջը կազմված է երկու կամրջից, յուրաքանչյուրը՝ մեկ ուղղությամբ, երկու երթևեկելի գոտիներով, ջրահեռացման ու լուսավորության համակարգերով։ Նոր կամուրջն ավելի հարմարավետ է լինելու երթևեկության հիմար, այն կկարողանա սպասարկել շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն՝ անվտանգ դարձնելով բեռնատար ու մարդատար մեքենաների շարժը:Երկու երկրները կապող կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է: Այն կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am