Տոկիո-2020. Ծանրամարտում պայքարը քո ու ծանրաձողի միջև է. Իզաբելա Յայլյան
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի կին մասնակիցները երեքն են: Նրանցից մեկը այս խաղերում մեր երկրի երկու ծանրորդներից մեկն է` Իզաբելա Յայլյանը: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը հենց Իզաբելա Յայլյանն է: Նա ծնվել է 1995 թվականին և հանդես է գալիս 59 կգ քաշային կարգում:
-Իզաբելա, պատմեք մեզ, թե ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ծանրամարտով:
-Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 2007 թվականից: Հայրս ծանրորդ է եղել: Ի սկզբանե եղբայրս էր հաճախում ծանրամարտի, հետո, որ տանը չմնայի, սկսեցի իր հետ մարզադահլիճ հաճախել: Քանի որ փոքր տարիքում ճարպիկ էի, ուզում էի ուժերս փորձել նաև այստեղ: Մի քանի անգամ մարզումներին լինելուց հետո, ծանրաձողն ինձ սկսեց դուր գալ: Հիմա եղբայրս ծանրամարտով հետաքրքրվում է սիրողական մակարդակով, իսկ ես արդեն պրոֆեսիոնալ եմ:
-Կին ծանրամարտիկները սովորաբար կարծրատիպեր են կոտրում Հայաստանում՝ արդյունքներ գրանցելով այս մարզաձևում: Ինչպիսի՞ն էր ձեր ընտանիքի արձագանքը, երբ նրանց ասացիք, որ ծանրամարտով եք զբաղվելու:
-Եթե անկեղծ լինենք, դժվար է, քանի որ քննադատական մոտեցումն է շատ: Ամեն ինչ ավելի բարդ է լինում նեղ ընտանեկան շրջանում: Ասում են, որ ծանրամարտը աղջիկների համար չէ, հետո շատ խնդիրներ կունենաս և այլն, և այլն:
-Իսկ ինչպե՞ս եք հաղթահարել այդ փուլը և մնացել մարզաձևում:
-Մայրիկս մինչև հիմա էլ չի նայում ելույթներս: Ամեն անգամ ասում՝եթե այս մրցաշարում մեդալ չունենաս, վերջ ծանրամարտին: Բայց ամեն անգամ մի մեդալ գոնե լինում է: Բայց ես սիրում եմ ծանրամարտը, պարզապես սիրում եմ: Ցանկացած գործ, եթե սիրով չի արվում, արդյունք չի ունենա:
-Իզաբելա, ո՞րն է ծանրամարտի գեղեցկությունը:
-Ծանրամարտը պայքար է ինքդ քո դեմ և պայքար է ծանրաձողի դեմ: Պայքար է, որն իր մեջ ունի երկուսն էլ: Պետք է կարողանաս պայքար մղել քո դեմ՝ հոգեբանորեն պատրաստ լինելու համար: Ծանրամարտում մրցակցությունը երբեք անձնական դաշտ չի մտնում: Ծանրամարտում պայքարը քո ու ծանրաձողի միջև է: Գուցե մի քանի ծանրորդներ պայքարում են մյուս մարզիկների հետ, բայց ինձ համար այլ մարզիկները չեն կարևոր, այլ իմ արդյունքը:
-Ձեր քաշային կարգում կա՞ն հիմնական մրցակիցներ, որոնց առանձնացնում եք ձեզ համար:
-Այո, կան նման մարզիկներ, որոնք իսկապես մեծ ներուժ ունեն: Բայց ոչինչ անհաղթահարելի չէ:
-Սրանքձեր առաջին Օլիմպիական խաղերն են լինելու: Ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Խաղերին մասնակցելու ցանկությունս շատ մեծ է: Չեմ կարող ասել, որ գնում եմ մեդալների համար պայքար մղելու, բայց մեծ է սեփական ռեկորդներս թարմացնելու ցանկությունս:
-Դուք մեր նախորդ զրույցներում ասում էիք, որ երբ մրցաշարերի ժամանակ մոտենում եք ծանրաձողին, կարողանում եք ուրիշ ոչինչ չլսել: Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում:
-Եթե անկեղծ, չեմ կարող ասել: Գուցե բնազդների հաշվին. երբ կենտրոնանում ես աշխատանքիդ վրա, այդպես է լինում: Օրինակ` ինձ մոտ այնպիսի տպավորություն է առաջանում, որ միայն ես եմ դահլիճում: Լինում է, որ մարզիչների հուշումներից միայն մի քանի բառ ես լսում:
-Հայաստանը դժվարին ժամանակներ է ապրում, և մեր երկիրն ինչ-որ տեղ, ինչ-որ պահի իսկապես նոր հաղթանակների կարիք ունի: Սա ձեզ համար կարո՞ղ է մոտիվացիա լինել Օլիմպիական խաղերում:
-Սխալ կլինի, եթե չասեմ, բայց առաջ էլ էր մեր հայրենիքի համար հաղթանակներ տոնելու ցանկությունս մեծ: Բայց հիմա այն առավել մեծ է, մեծ է պատասխանատվությունը:
-32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է կայանային դեռևս անցած տարի, բայց հետաձգվեցին: Ձեր կարծիքով,ինչ-որ ազդեցություն թողե՞ց այս հետաձգումը:
-Նախորդ տարի մի շարք մրցաշարեր հետաձգվեցին, նույնիսկ եղավ ժամանակահատված, որ չէինք կարողանում նորմալ մարզվել: Թեպետ ես չեմ ընդհատել մարզումներս և տանն եմ մարզվել: Այս ամենը հաշվի առնելով՝ իհարկե բացասական հետևանք ունեցավ: Բայց եթե անգամ 2020 թվականին լիներ, նույնը կլիներ:
-Մի քանի բլից հարցեր. լե՞ռ, թե՞ ծով:
-Լեռ:
-Տոլմա՞,թե՞խորոված:
-Տոլմա:
-Պիցցա՞,թե՞պաղպաղակ:
-Պաղպաղակ:
-Գի՞րք,թե՞ֆիլմ:
-Գիրք:
-Նարդի՞,թե՞շախմատ:
-Նարդի:
-Սո՞ւրճ,թե՞թեյ:
-Սուրճ:
-Թո՞մը,թե՞Ջերին:
-Ջերին:
-Շնորհակալ եմ զրույցի համար, հուսով եմ՝ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:
Նախագծի հեղինակ՝ Վարվառա Հայրապետյան
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 14 օր։