Ստեղծվել է հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով։
2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ:
Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: