Մշակույթ

Հայաստանի պետական կամերային երգչախումբը բարձր մակարդակով է ելույթ ունեցել Ռավեննայի փառատոնին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական կամերային երգչախումբը բարձր մակարդակով է ելույթ ունեցել Ռավեննայի փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծ բանաստեղծ և մտածող Դանթե Ալիգերիի մահվան 700-րդ տարելիցի կապակցությամբ մասնակցել է Ռավեննայի փառատոնին՝ Քերուբինիի նվագախմբի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչախումբը(գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան)Ռավեննայում կայացած համերգին ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիին: Հնչել են Հայդնի, Մոցարտի, Շուբերտի ստեղծագործությունները։

Եվրոպական լավագույն փառատոնների շարքին դասվող Ռավեննայի փառատոնի հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել հայկական երգչախմբին:

Ռավեննայի փառատոնի կազմակերպիչները շատ տպավորված և հիացած են եղել երգչախմբով և համերգի մակարդակով, իսկ մաեստրո Ռիկարդո Մուտիին տպավորել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ աշխատանքը, և նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել մաեստրո Ռոբերտ Մլքեյանին: Մուտին նաև առաջիկա համագործակցությունների ակնկալիք ունի երգչախմբի հետ: Աշխարհահռչակ դիրիժորը երգչախմբի հետ զրույցներում ընդգծել է հայերի և իտալացիների նմանությունները:

Մուտին այս պահին ժամանում է Հայաստան երգչախմբի հետ՝ նույն համերգը կրկնելու հուլիսի 4-ին:Երեկոյի շրջանակում կկայանա Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով:

Ռիկարդո Մուտին շեշտել է, որ Տիգրան Մանսուրյանը մեր օրերի մեծագույն կոմպոզիտորներից է, և ինքը շատ մեծ ուրախությամբ է ընտրել նրա գործերը՝ ղեկավարելու համերգին որպես դիրիժոր: Նախագիծը կայացել է հենց Տիգրան Մանսուրյանի ջանքերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում