Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ. ԼՂ-ն կա՛մ կլինի հայկական, կա՛մ ընդհանրապես չի լինի. Ալեքսանդր Սկակով

Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ. ԼՂ-ն կա՛մ կլինի հայկական, կա՛մ 
ընդհանրապես չի լինի. Ալեքսանդր Սկակով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը կարծում է, որ ռուսական զինված ուժերն Արցախի հայության գոյատևման երաշխավորն են և ռուս խաղաղապահները 5 տարի անց այնտեղից չեն հեռանալու: Նրանք շատ ավելի երկար ժամանակով են եկել այնտեղ մնալու: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, թե իր տարածքի մեծ մասի օկուպացումից հետո Արցախը, որպես հայկական երկրամաս, կպահպանի՞ իր գոյությունը, Սկակովը ասել է, որ Արցախը կարող է լինել միայն հայկական, քանի որ Արցախի հայ բնակչությունը երբեք չի ապրի Ադրբեջանի կազմում:

- Պարոն Սկակով, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Հայաստանի տարածքում շարունակում է մնալ շուրջ 1000 ադրբեջանցի զինծառայող: Այսինքն՝ Հայաստանը շարունակում է ռազմական ագրեսիայի ենթարկվել Ադրբեջանի կողմից: Ռուսաստանյան սահմանապահների տեղակայումը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանին կօգնի՞ այս իրավիճակի հանգուցալուծմանը:

- Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի առկայության հիմքում այն խնդիրն է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը սահմանազատված չէ: Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին: Հիշեցնեմ, որ վերջերս նմանատիպ խնդիր էր ծագել նաև Ադրբեջանի և Վրաստանի միջև՝ կապված Դավիթ Գարեջի վանական համալիրի հետ, որի մի մասը, չգիտես ինչու, անսպասելիորեն հայտնվեց Ադրբեջանի տարածքում: Սա ցույց է տալիս, որ Խորհրդային Միության տարիներին սահմաններն անցկացվում էին քարտեզով, բայց տեղանքում դրանք չէին սահմանագծվում և սահմանազատվում: Այնպես որ, խնդրի լուծման համար անհրաժեշտ են բանակցություններ, անհրաժեշտ է հարցի ուսումնասիրում: Եվ այս իրավիճակում պետք է ամեն կերպ խուսափել չմտածված քայլերից, քանի որ դա կնշանակի տրվել սադրանքին, իսկ դա ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի:

Ինչ վերաբերում է ռուսաստանյան զինված ուժերի, այդ թվում՝ սահմանապահների դերակատարությանը, ապա ռուսաստանյան զինված ուժերն այսօր Արցախի ժողովրդի գոյատևման միակ երաշխավորն են: Կարծում եմ՝ դա ակնհայտ է: Ակնհայտ է նաև այն, որ ռուս խաղաղապահները 5 տարի անց այնտեղից չեն հեռանալու: Նրանք շատ ավելի երկար ժամանակով են եկել այնտեղ մնալու:

- Իսկ եթե, այնուամենայնիվ, հեռանա՞ն:

- Ինչպե՞ս կարող են նրանք հեռանալ:

- Եթե Ադրբեջանը պահանջի:

- Ադրբեջանն ինչ ասես կարող է պահանջել, բայց Ռուսաստանը, կարծում եմ, իր լծակներն ունի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Եթե այդ լծակները չլինեին, Ադրբեջանը չէր համաձայնվի ռուսաստանյան խաղաղապահների տեղակայմանը նշված շրջանում: Նշանակում է՝ լծակներ, ըստ երևույթին, կան: Եվ եթե նայենք այլ երկրների փորձին, ապա ես չեմ հիշում այդպիսի դեպք, որ այս կամ այն երկիր մտած զորքերը դուրս բերվեն: Դա վերաբերում է թե՛ Սիրիային, թե՛ Իրաքին, թե՛ Աֆղանստանին: Արդեն քանի՞ տարի է՝ ամերիկացիները դուրս են գալիս Աֆղանստանից: Քանի՞ տարի է՝ հեռանում են Իրաքից: Ինչքան հեռանում են, միևնույն է, այնտեղ են: Սա շատ սովորական պրակտիկա է: Եթե եկել են, ուրեմն մնալու են:

- Բայց թեև Ռուսաստանը վերջին պատերազմից հետո ամրապնդում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, այդուհանդերձ, որոշ տպավորություն կա, որ Ռուսաստանը գնալով զիջում է իր դիրքերը ավելի ու ավելի ագրեսիվացող Թուրքիային:

- Այն, որ Թուրքիան ավելի ազդեցիկ է դարձել տարածաշրջանում, դրա հետ, անշուշտ, շատ դժվար է վիճել: Այո՛, Թուրքիայի դիրքերը ուժեղացել են, բայց Ռուսաստանի դիրքերը նույնպես ուժեղացել են: Ռուսաստանը նախկինում զինված ուժեր չի ունեցել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների տարածքում: Այժմ այնտեղ կան ռուսական զորքեր: Դրա հետևանքով դեպի ՆԱՏՕ ձգտող Վրաստանը փաստացի հայտնվեց ռուսական զինված ուժերի շրջափակման մեջ: Այնպես որ, տվյալ պարագայում պետք է խոսել ոչ թե Ռուսաստանի դիրքերի թուլացման, այլ ընդհակառակը՝ դիրքերի ուժեղացման մասին:

- Ասացեք, իսկ Թուրքիայի դիրքերի ուժեղացումը, Ձեր կարծիքով, ռուս-թուրքական հակամարտությա՞ն, թե՞ համագործակցության հետևանքն է:

- Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները շատ բարդ են: Դրանք շատ բազմաշերտ են, և ասել, որ դրանք միանշանակ հակամարտության կամ միանշանակ համագործակցության դաշտում են, ճիշտ չի լինի: Այստեղ կան և՛ առաջինի, և՛ երկրորդի տարրերը: Թուրքիան անկասկած շատ կարևոր երկիր է տարածաշրջանում, և Թուրքիայի դիրքերն ամրապնդվում են ոչ միայն այստեղ, այլև տարածաշրջանի այլ հատվածներում: Ուզում եմ հիշեցնել և՛ Լիբիայի, և՛ Սիրիայի, և՛ Կիպրոսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ուստի, այո՛, Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունը:

- Ինչպե՞ս կբնութագրեք վերջին պատերազմից հետո ձևավորված կամ ձևավորվող ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղի շուրջ և ինչպե՞ս եք պատկերացնում բանակցային գործընթացը հետպատերազմյան այս նոր իրավիճակում: Ի՞նչ ձևաչափով կլինեն բանակցությունները Արցախի հարցի շուրջ: Դրանք կլինեն Մինսկի խմբի համանախագահությա՞ն ձևաչափով, թե՞ կրկին սեպարատ ձևաչափերով:

- Կարծում եմ՝ Մինսկի խմբի ձևաչափն արդեն ավելի շատ պատմություն է, քան ժամանակակից իրողություն: Ամենայն հարգանքով, բայց ինչպես ասում են՝ «հանգուցյալների մասին՝ կա՛մ լավը, կա՛մ ոչինչ»: Այդ իսկ պատճառով ես ոչինչ չեմ ասի Մինսկի խմբի մասին: Նա ոչինչ չարեց վերջին պատերազմը կանխելու և կասեցնելու համար: Դա ամբողջությամբ ցույց տվեց այս կառույցի էությունը:
Ադրբեջանը շատ հարմար պահ ընտրեց սկսելու ռազմական գործողությունները, որոնց ինքը վաղուց էր պատրաստվում: Ամերիկան շատ խառը վիճակում էր, Ֆրանսիան էլ զբաղված էր իր խնդիրներով, և ըստ էության՝ միայն Ռուսաստանը միջամտեց: Ուրիշ ոչ ոք:

- Իսկ մինչև այս պատերազմը պարզ չէ՞ր, որ Մինսկի խումբը մեծ ազդեցություն չունի կոնֆլիկտի վրա: Եթե «հարց լուծողը», միևնույն է, Ռուսաստանն էր, ինչո՞ւ դա մինչ այս դեպքերը հաշվի չէին առնում:

- Չգիտեմ: Այդ հարցը պետք է ուղղել նրանց, ովքեր զբաղվում էին Հայաստանի արտաքին քաղաքականությամբ և անվտանգության հարցերով: Խոսքը վերաբերում է ոչ միայն ներկա, այլև նախկին իշխանություններին: Ըստ երևույթին, անհրաժեշտ դասեր չեն քաղել մինչ այդ Լեռնային Ղարաբաղի գոտում տեղի ունեցած դեպքերից: Ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին՝ 10 տարի առաջ, իմ հայ գործընկերներից շատերը համոզում էին ինձ, որ «Ադրբեջանը երբեք պատերազմ չի սկսի», «դա բացառված է», «նա նման ռիսկի չի գնա»:

- «Ալիևը միայն սպառնում է, նրան Ղարաբաղը պետք չէ»:

- Այո՛, թե իբր «ներքին սպառման համար է այդ հայտարարություններն անում»: Իսկ ես, ընդհակառակը, համոզված էի, որ Ադրբեջանը անպայման սկսելու է այդ պատերազմը այն պահին, երբ իրեն հարմար կլինի: Եվ ինչպես տեսանք՝ սկսեց:

- Գուցե Թուրքիայի միջամտության գործո՞նը ամբողջությամբ հաշվի չէինք առնում: Այսինքն՝ քչերն էին պատկերացնում, որ Թուրքիան, զուտ քաղաքական աջակցությունից բացի, նաև ռազմականապես կմիջամտի հակամարտությանը:

- Թուրքիան, իհարկե, խաղացել է իր դերը: Թուրքիան տվել է իր հավանությունը պատերազմ սկսելուն՝ ինչպես դա եղավ 2016 թ. ապրիլին: Այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ Թուրքիան է հրահրել, և դա համընկավ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների սրացման հետ: Այնպես որ, դա էլ պատահական չէր:

Ինչ էլ լինի, ամեն դեպքում, ես չեմ կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է: Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ: Այն լուծված կլիներ այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի տարածքը ամբողջությամբ բռնազավթված լիներ ադրբեջանական զինված ուժերի կողմից, և Ստեփանակերտի գլխին, որն այդ դեպքում կկոչվեր արդեն «Խանքենդի», կծածանվեր Ադրբեջանական Հանրապետության դրոշը:

- Այդուհանդերձ, Արցախի մեծ մասը նրանք գրավեցին: Կարծում եք՝ դրանից հետո Արցախը, որպես հայկական երկրամաս, կպահպանի՞ իր գոյությունը:

- Լեռնային Ղարաբաղը կարող է լինել միայն հայկական, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը երբեք չի ապրի Ադրբեջանի կազմում: Դա միանգամայն պարզ է ու ակնհայտ: Ուստի, Ղարաբաղը կա՛մ կլինի հայկական, կա՛մ ընդհանրապես չի լինի:

Հարցազրույցը՝ Արամ Սարգսյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]