Հասարակական

ՀՀ ՔԿ-ն միջոցներ է ձեռնարկում «Կրեդո Ֆինանս»-ի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումը բացահայտելու համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՔԿ-ն միջոցներ է ձեռնարկում «Կրեդո Ֆինանս»-ի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումը բացահայտելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով հունիսի 28-ի ժամը 11:02-ից մինչև 11:04-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել Երևան քաղաքում գործող «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել ընկերության աշխատակիցներ վրա, պահանջել գումար, այնուհետև պահանջել է բացել չհրկիզվող պահարանը, որտեղից անձամբ հափշտակել է ընկերությանը պատկանող խոշոր չափերով, նախնական տվյալներով, 2.730.990 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում