Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հուլիս

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1953 թ. հունիսի 23-ին ծնվել է Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ Հայաստանի չորրորդ նախագահ: Հայաստանի նախկին վարչապետ, քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի եւ Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ, Համահայկական ակադեմիական եւ գիտական ընկերության պատվավոր անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, խոշոր գործարար։ ՀՀ վարչապետ 1996 թ. դեկտեմբերից մինչեւ 1997 թ. փետրվար։ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (1993-ից)։

-1971 թ. հունիսի 23-ին ծնվել է Անահիտ (Աննա) ԲԱՆՈՒՉՅԱՆԸ՝ «Միջազգային հարաբերություններ» հանդեսի գլխավոր խմբագիր, 2000-2010 թթ.՝ «Կառավարում» հանդեսի պատասխանատու քարտուղար, կրոնի պատմության մասնագետ, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հոգեւոր անկյուն»  խորագրի հեղինակ եւ վարող:

-1972 թ. հունիսի 23-ին ծնվել է Զինեդին ԶԻԴԱՆԸ (մականունը՝ Զիզու)՝ ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, եղել է «Ռեալ Մադրիդի» մարզիչը։ Հանդես է եկել որպես հարձակողական կիսապաշտպան Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի, Կաննի, Բորդոյի, Յուվենտուսի եւ Ռեալ Մադրիդի կազմում: 2004 թ. ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացված հարցման արդյունքում Զիդանը ճանաչվել է վերջին 50 տարիների լավագույն եվրոպացի ֆուտբոլիստը։ Շատերը նրան համարում են պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Ի հավելումն նրա հաջողություններին որպես ֆուտբոլիստ, Զիդանը պատմության մեջ միակ մարզիչն է, ով հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում երեք անգամ անընդմեջ:

-1923 թ. հունիսի 23-ին ծնվել է Մանուել ՍԱՐԳՍՅԱՆՑԸ՝ սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան, Հայդելբերգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Մեքսիկայի Մերիդա քաղաքի գիտությունների ակադեմիայի անդամ։ Ռուսաստանի, Լատինական Ամերիկայի, Հարավարեւելյան Ասիայի ժողովրդական սոցիալիզմի կրոնական ակունքների հետազոտող:

-1934 թ. հունիսի 23-ին ծնվել է Թելման ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ հայ ճարտարապետ:

-1912 թ. հունիսի 23-ին ծնվել է Ալան ԹՅՈՒՐԻՆԳԸ՝ անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող եւ ինֆորմատիկայի մասնագետ, Բրիտանական կայսրության շքանշանակիր, Թագավորական միության անդամ։ Նշանակալից դեր է խաղացել ինֆորմատիկայի զարգացման մեջ, ձեւակերպել է «ալգորիթմ» եւ «հաշվարկ» հասկացությունները՝ հիմնվելով «Թյուրինգի մեքենայի» գաղափարի վրա, ինչը կարելի է համարել ժամանակակից համակարգիչների մոդել։ Թյուրինգին հաճախ համարում են ինֆորմատիկայի եւ արհեստական բանականության հայր:

-1846 թ. հունիսի 23-ին բելգիացի Ադոլֆ ՍԱՔՍԸ իր պատրաստած սաքսոֆոնի համար ստացավ արտոնագիր։

-1868 թ. հունիսի 23-ին ամերիկացի Քրիստոֆեր ԼԵՏԵՄ ՇՈՈՒԼԶԸ արտոնագիր ստացավ տպագրական մեքենայի համար։

-1894 թ. հունիսի 23-ին ստեղծվեց Միջազգային օլիմպիական կոմիտեն։

Ա. Հ.








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]