Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Շենգավիթ վարչական շրջանում փողոցներից մեկը կկրի բարերար Հրանտ Վարդանյանի անունը

Շենգավիթ վարչական շրջանում փողոցներից մեկը կկրի բարերար Հրանտ Վարդանյանի 
անունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստում որոշեց Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխել բարերար, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող Հրանտ Վարդանյանի անվամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ նախագծի՝ որոշման ընդունման համար հիմք են հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ էկոնոմիկայի նախարարի, «Գրանդ Հոլդինգ» ընկերության և Հայաստանի գործատուների հանրապետական միության գրությունները: «Երևան քաղաքի Շահամիրյանների փողոցը Հրանտ Վարդանյանի անունով անվանափոխելու առաջարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ փողոցի վրա տեղակայված 14 շենք-շինություններից 12-ը պատկանում են Հրանտ Վարդանյանի կողմից հիմնադրված, այդտեղ հասցեավորված և գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների: Այդ փողոցում է հասցեավորված և գործունեություն ծավալում նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամը պարտավորվել է իրականացնել նշված փողոցի բարեկարգման աշխատանքները, որոնք արդեն իսկ մեկնարկել են 2020 թվականից»,- նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կզմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում կան Շահամիրյանների և Շահամիր Շահամիրյանի անունները կրող փողոցներ:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է Շենգավիթի Շահամիր Շահամիրյանի փողոցն անվանափոխել Շահամիրյանների փողոց՝ նպատակ ունենալով հավերժ պահել հայ մեծանուն մտածողներ հայր և որդի՝ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունները:

Հրանտ Վարդանյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, առաջընթացի, հզորացման, երկրում բազմաթիվ աշխատատեղերի ստեղծման և հայկական արտադրանքի արժևորման գործում: Նրա կողմից ստեղծված ընկերությունները նշանակալի կարևորություն են ունեցել հայաստանյան ներքին շուկայի զարգացման, հայրենական արտադրության վերականգնման ու խթանման, մի շարք այլ երկրներում հայկական արտադրանքը ներկայացնելու և մրցակցային ամուր դիրքեր ունենալու տեսանկյունից:

Որոշումն ընդունվեց 23 «կողմ», 14 «դեմ», 5 «ձեռնպահ» ձայներով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]