Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Օգոստոս

Ադրբեջանը խրախուսում է թրաֆիքինգը. Եթե այլ ելք չմնա, Հայաստանը պետք է օգտագործի իր ռեսուրսները

Ադրբեջանը խրախուսում է թրաֆիքինգը. Եթե այլ ելք չմնա, Հայաստանը պետք է 
օգտագործի իր ռեսուրսները

ՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհը խնդիր ունի ապացուցելու, որ հավատարիմ է իր հռչակած արժեհամակարգին, որի կարեւորությունը կարող է փաստել միայն հանուն դրա պայքարի լրջությամբ: Երբ փրկվում են արժեքները, փրկվում են նաեւ մարդիկ: Նրանք, ովքեր հանցագործությունը հնարավոր ու թույլատրելի են համարում, սկզբունքորեն միայն մի բան են վկայում՝ թքած ունեն այն ամենի վրա, ինչն իրենց հետ չի կատարվում: Եթե միջազգային կոնվենցիաները, որոնց միացել են երկրները, չգործեն, այսպիսի իրավիճակներում ժողովուրդները կարող են սեփական կառավարություններից համարժեք գործողություններ պահանջել կամ, եթե կուզեք, դրանք իրականացնել սեփական նախաձեռնությամբ: Իսկ այդ դեպքում կաղոտանա խաղաղության հեռանկարը, կմարի հույսը, որ արժեքները կարող են փրկության գործոն լինել…

Իսկ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է չեզոքացնել խաղաղությանը միտված ջանքերը և գործնականում պետական մակարդակով թրաֆիքինգ է իրականացնում: Դա դաժան հանցագործություն է եւ ՄԱԿ-ի մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ արձանագրության մեջ բնութագրվում է որպես «շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը՝ ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգմամբ, խարդախությամբ, խաբեությամբ, խոցելի վիճակի հետ կապված գերակա դիրքի չարաշահմամբ, կամ մեկ այլ անձի նկատմամբ հսկողություն իրականացնող անձի համաձայնությունը ստանալու նպատակով վճարումներ կամ օգուտներ տալու կամ ստանալու միջոցով»: Քանի որ Ադրբեջանի գործողությունները լիովին տեղավորվում են այս բնորոշման մեջ, հարկ է չսահմանափակվել միայն կատարվածի վերաբերյալ տեղեկությունների մատուցմամբ, այլեւ պահանջել՝ հասնելու այն բանին, որ պետություններն ու միջազգային կառույցները ոչ միայն դատապարտեն ադրբեջանական անմարդկային պահվածքը, այլեւ կոնկրետ քայլեր ձեռնարկեն նրա դեմ: Ի վերջո, փաստ է, որ գերության ու թրաֆիքինգի ամենակործանարար ազդեցությունը կրում են զոհերը, ովքեր իրենց կյանքի մնացած հատվածը կարող են անցկացնել մտավոր եւ ֆիզիկական առումներով հաշմված վիճակում: Եվ բացառված չէ, որ չկարողանան վերադառնալ նորմալ կյանքի…

ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակը ղեկավարում է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային ծրագիրը, որն աջակցում է պետություններին՝ կանխարգելելու եւ հետապնդելու այս ծանր հանցագործությունը, պաշտպանելու տուժողների իրավունքները: Հարկ է առավելագույն ուշադրություն հատկացնել ադրբեջանական վայրագությանը, որովհետեւ մի բան է, երբ գործ ունես որոշ մարդկանց, խմբերի կամ խմբավորումների, մեկ այլ բան՝ պետության կողմից կատարված հանցագործության հետ: Ադրբեջանի դեպքում կարելի է ընդհանրապես չխոսել պայքարի մասին, քանի որ պետական մակարդակով խրախուսվում է թրաֆիքինգը կամ, ինչպես նշում են ոմանք, ժամանակակից ստրկությունը:

Միավորված ազգերի կազմակերպությունն ունի մարդկանց թրաֆիքինգի զոհերի կամավոր հավատարմագրային հիմնադրամ, որն ամեն տարի գումարներ է հավաքագրում՝ հանցագործությունից տուժածների կյանքը վերակառուցելու եւ մարդասիրական, իրավական ու ֆինանսական օգնության միջոցով նրանց ապագան կերտելու համար: Ուստի անհրաժեշտ է պայքարել, որ հայ ավելի քան 200 ռազմագերիների անունները, որոնք ենթարկվում են թրաֆիքինգի, ընդգրկվեն նրանց ցուցակում, ովքեր պետք է օգնություն ստանան այդ հիմնադրամի կողմից: Այս դեպքում մենք ավելի շատ կարեւորում ենք մարդասիրական եւ իրավական օգնության տրամադրման հնարավորությունները, իսկ դրանք, իրենց հերթին, կհանգեցնեն նրանց ազատ արձակմանը:

Ադրբեջանա-թուրքական հորդաները պատմության ընթացքում այս էլ որերորդ անգամ են գերիներին օգտագործում որպես պատանդ կամ կենդանի վահան: Քաղաքականություն, որն այսօր շարունակվում է միայն այն պատճառով, որ երբեւէ չի պատժվել: Շարունակվում է այսքան նենգ, ստոր եւ լկտի կերպով:

Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները հանգիստ որոճում են հայ ռազմագերիներին քարտեզների հետ փոխանակելու իրենց պլանները, երբ համաշխարհային հանրությունը չի շտապում իր կոշտ գործիքակազմի միջոցով երկնքից երկիր իջեցնել Ադրբեջանի ղեկավարությանը, այս հանցագործությունները կշարունակվեն նաեւ վաղը, եւ ինչ-որ մի բռնակալ կրկին կասի՝ ո՞վ է այսօր հիշում հայերի թրաֆիքինգի մասին: Եվ ոչ ոք չգիտի, թե այդ դեպքում դժբախտությունը նրանցից ում դուռը կթակի, ովքեր այսօր լռում են՝ վտանգն իրենցից հեռու տեսնելով: Նրանց համարժեք արձագանքը Հայաստանին հնարավորություն կտա չկենտրոնանալ նոր ռեսուրսների փնտրտուքի վրա՝ իր զավակներին փրկելու համար: Այդ ռեսուրսները կան, չնայած առայսօր վատ են օգտագործվել, եւ անհրաժեշտաբար կկիրառվեն Ադրբեջանի դեմ, եթե այլ ելք չմնա:

Վերջում կուզեի ավելացնել, որ խաղաղության հաստատման վերաբերյալ ադրբեջանցիների բարբաջանքները ոչ թե նպատակ են, այլ միջոց՝ հատուկ նրանց համար, ովքեր նախապատվությունը տալիս են սեփական շահերին եւ առիթ են որոնում՝ չդատապարտելու Ադրբեջանի գործողությունները:

Անհրաժեշտ է ավելացնել, որ գերիների նկատմամբ վերաբերմունքի եւ, ընդհանրապես, արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո կատարած քայլերի տրամաբանությունը հետեւյալն է՝ հայ ժողովրդին հարկադրել՝ տեղի ունեցածն ընդունելու որպես օրինաչափություն ու համակերպվելու դրա հետեւանքների հետ: Բայց դա անհնար է, բռնությունները կհանգեցնեն փոխադարձ բռնությունների, եթե միջազգային հանրությունը չհասկանա, որ տնտեսական սանկցիաների ու այլ միջոցառումների միջոցով պետք է կարգի հրավիրի Ադրբեջանին: Եթե ոչ հանուն հայ ժողովրդի, ապա գոնե իր իսկ հռչակած արժեհամակարգի: Առանց այդ էլ ժողովրդավարության անունից հանդես եկողները սկսում են ծիծաղելի երեւալ այն ֆոնին, երբ թույլատրեցին բռնակալների հարձակումը ժողովրդավարության վրա:

Չի կարելի հաշվի չառնել նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից նախկին աղվանական, ինչպես նաեւ հայկական տարածքների վրա Ադրբեջան արհեստական պետության ստեղծման իրական նպատակը ոչ թե պետական կազմավորման ստեղծումն էր, այլեւ սեփական դրոշի հաստատումը Հարավային Կովկասում: Ադրբեջանը սոսկ դրոշ է, որը պետք է կատարի Թուրքիայի պահանջները: Նույնիսկ՝ սեփական կյանքի գնով, որը ոչ մեկին պետք չէ, անգամ՝ նույն Թուրքիային: Պետք են ադրբեջանական ռեսուրսները: Ադրբեջանցիները դրանց տերերը չեն, այլ պահապանները, որոնց այդ դերի համար ոսկոր հաստատ կշպրտեն: Հետեւաբար՝ ինչպես արցախյան պատերազմի, այնպես էլ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ու ռազմական բազմաթիվ հանցագործությունների պատասխանատուն նաեւ Թուրքիան է, որն ակնհայտորեն ցուցադրում է Հայաստանից ունեցած իր վախերը:

Հիշեցնենք, որ Էրդողանը, նրա կինը՝ Էմինեն ու Ալիեւը Շուշիում խոսել են հայ ռազմագերիների առկայության մասին, որոնց Ալիևը մտադիր է փոխանակել ականային քարտեզների հետ: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատակազմը ռուսերենով ու անգլերենով թարգմանել է հրապարակված տեսանյութը, ենթարկել վերլուծության եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական նամակով կուղարկի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ եւ միջազգային այլ կառույցների:

 

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]