Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Մարգարետա Սեդերֆելթի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայաստանի նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի արագ արձագանքը՝ դիտարկելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Դիտորդական պատվիրակության անդամները Հանրապետության նախագահին են ներկայացրել առաքելության մանդատը և ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները:

Ընդգծելով, որ նախընտրական քարոզարշավը հասել է իր բարձրակետին, իսկ ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա, Հանրապետության նախագահն ասել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները պետք է դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, զսպվածություն ու հանդուրժողականություն:

Կարևորելով հասարակական համերաշխությունն ու երկրի կայունությունը՝ նախագահ Սարգսյանն անթույլատրելի և անընդունելի է համարել ատելության կամ թշնամանքի, առավել ևս՝ բռնության ու սպառնալիքի կոչերը և նշել, որ քաղաքական ուժերն ու գործիչները պետք է ձեռնպահ մնան այդպիսի գործելակերպից:

Զրուցակիցները նշել են, որ ակնկալում են արդար, ազատ ու թափանցիկ ընտրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում