Պաշտոնական

Ավինյանն ընդունել է «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային կայանի ծրագիրն իրականացնող «Մասդար»-ի ներկայացուցիչներին 

2 րոպեի ընթերցում

Ավինյանն ընդունել է «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային կայանի ծրագիրն իրականացնող «Մասդար»-ի ներկայացուցիչներին 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հունիսի 7-ին ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին՝ հայտերի գծով ղեկավար Մուհամմեդ Ալ Շեհհիին և հայտերի գծով կառավարիչ՝ Վիպուլ Գոյալին: Փոխվարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է «Մասդար» ընկերությանը «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային կայանի ծրագրի մրցույթում հաջողակ հայտատու ճանաչվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, «Մասդար» ընկերությունը 220 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ակտիվների արժեքով, ԱՄԷ-ի «Մուբադալա ներդրումային ընկերության» մասնաճյուղն է և աշխարհում վերականգնողական էներգիայի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը:

«Ներդրումային այս ծրագիրը հաջորդում է «Մասդարի» և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF/ԱՆԻՖ) միջև 2019թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագրին: Ըստ վերջինիս՝ կողմերը արտահայտել են փոխադարձ հետաքրքրվածություն վերականգնվող էներգիայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով համատեղ նախագծեր իրականացնելու հարցում: Այս ծրագրով ապահովվում է 200 ՄՎտ ծավալի արտադրությունը՝ 2.90 ԱՄՆ ցենտ կՎտ/ժամ արժեքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հաջողակ հայտատու ճանաչված «Մասդար» ընկերության կողմից կառուցվելիք արևային էներգիայի կայանը տեղակայվելու է Թալին ու Դաշտադեմ համայնքներում։ Ծրագրի 85 տոկոս բաժնեմասի շահառուն լինելու է «Մասդար» ընկերությունը, իսկ 15 տոկոս բաժնեմասինը՝ ԱՆԻՖ-ը:

Արևային կայանի շինարարական աշխատանքներն իրականցվելու են 24 ամսում: Ծրագրի արժեքը կազմում է 174 մլն ԱՄՆ դոլար, որն ամբողջովին իրականացնելու է էմիրաթական կողմը: Ծրագիրն ունենալու է շղթայական ազդեցություն՝ նպաստելով մի շարք ուղղակի և անուղղակի աշխատատեղերի ստեղծմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում