Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Հեղափոխությունը կարող է լինել նաև քվեատուփում. Մարուքյանը հորդորում է բոլորին մասնակցել ընտրությանը

Հեղափոխությունը կարող է լինել նաև քվեատուփում. Մարուքյանը հորդորում է բոլորին 
մասնակցել ընտրությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այն ընտրողները, որոնք դեռ չեն կողմնորոշվել, թե ում են տալու իրենց քվեն, կարող են ընտրությունների անկանխատեսելի արդյունքի բերել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ է հայտնել Եղվարդում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Նրա կարծիքով՝ մարդիկ պատերազմից հետո այլ հայացքներ ունեն: Կուսակցության ուսումնասիրությունները, մարդկանց հետ շփումները ցույց են տալիս, որ մարդկանց ակնկալիքն այն է, ինչ իրենք առաջարկում են ժողովրդին: «Այլ բան է՝ ժողովուրդն այդ օրը կգնա՞ ընտրության, թե ոչ: Շատ կարևոր է հետևել, որ ընտրողը գնա ընտրության»,-ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ չկողմնորոշված ընտրողների մոտ 40 տոկոս կա, որոնք կարող են «փոթորիկ անել», անկանխատեսելի բան կարող է լինել: «Որևէ մեկը չի կանխատեսում, որ «Լուսավոր Հայաստանը» կարող է գալ իշխանության, բայց այդ 40 տոկոս մարդը կարող է մտնել ընտրատեղամաս և դա անել: Որևէ մեկը կանխատեսո՞ւմ էր, որ 2018-ին կլինի հեղափոխություն. չէր կանխատեսում: Տարբեր ձևերով է լինում, հեղափոխությունը կարող է լինել նաև քվեատուփում, պետք չէ գնալ փողոցները փակել, շենքերը գրավել, գոռալ, հայհոյել: Դրան ձև կա. քվեատուփ»,-ասաց Մարուքյանը:

Նա կարծում է, որ այդ 40 տոկոսի ձայները կարող են գումարել ԼՀԿ-ի աջակիցների ձայներին, և ԼՀԿ-ն կարող է ձևավորել իշխանություն:

Ըստ ԼՀԿ ղեկավարի՝ մարդիկ հոգնել են վրեժ լուծելու, թալանածը հետ բերելու փուչ խոսակցություններից, հեքիաթներից, մարդիկ հոգնել են իրար դատելու խոսակցություններից, մարդիկ ուզում են խաղաղություն, համերաշխություն, հանդարտություն, որ իրենց գործերով զբաղվեն: Մարուքյանը կարծում է, որ հիմա բոլորը հապաղում են ինչ-որ բան նախաձեռնել՝ ներդրում անել, ամուսնանալ և այլն: «Երկիրը կանգնած է, ցնցումների մեջ սպասում է, թե ինչ է լինելու: Եվ դա հղի է մեծ արտագաղթով»,-նշեց ԼՀԿ ղեկավարը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am