Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Մի քիչ լույս դժվար ժամանակներում. «Լադանիվա» խումբն առաջին անգամ մենահամերգով ներկայացավ Երևանում

Մի քիչ լույս դժվար ժամանակներում. «Լադանիվա» խումբն առաջին անգամ 
մենահամերգով ներկայացավ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լադանիվա» ֆրանսիական խումբը, որը վերջին տարիներին երկրպագուների մեծ բանակ է ձևավորել Հայաստանում, մայիսի 29-ին առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափողջույններով ընդունեց խմբին՝ առանձնակի ուշադրության արժանացնելով մեր հայրենակցուհուն՝ մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանին, որը բոբիկ էր, անկաշկանդ ու անմիջական:

Առաջին իսկ ելույթից հետո երաժշտասերները ծաղկեփնջերով բեմ էին բարձրանում, գրկում երգչուհուն և սեր խոստովանում նրան: Առիթից օգտվում էին նաև փոքրիկները, որոնց՝ բեմ բարձրանալու համար հերթ էր գոյացել:

Ժակլին Բաղդասարյանը խոստովանեց, որ երջանիկ և հուզված է հայրենիքում ելույթ ունենալու կապակցությամբ, բայց սիրտը ցավում է վերջին ամիսներին երկրում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Ժակլինը հույս ունի, որ մի օր Հայաստանն առավել ապահով կդառնա, և բոլոր հայերը կվերադառնան հայրենիք, որտեղ կստեղծագործեն, կարարեն և ժպիտ կնվիրեն միմյանց:

Երգչուհու խոսքով՝ «Լադանիվան» համերգով փորձում է մի քիչ լույս, հույս ու դրական տրամադրություն փոխանցել մարդկանց:

«Լադանիվան», որի բոլոր երգերում առկա են հայկական ժողովրդական երաժշտության տարրեր, Երևանում կատարեց «Վայ աման», «Pourquoi t'as fait ça?», «Զեփյուռի նման», «Սարերի հովին մեռնեմ», «Ajde Jano», «Բինգյոլ» և մի շարք այլ ստեղծագործություններ, իսկ «Քեֆ չի լինի» երգը խմբի հետ հոտնկայս կատարեց ամբողջ դահլիճը: Ժակլին Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ներկա լինելու, իրենց աջակցելու, խումբը սիրելու և գնահատելու համար: Երկրպագուների թվում էին նաև Ժակլինի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, որոնց երգչուհին երկար ժամանակ չէր տեսել:

Նա հայտնեց, որ մայիսի 29-ին իր տատիկի ծննդյան օրն է: Երգչուհին խնդրեց, որ տատիկը մոտենա բեմին: Ժակլինը շնորհավորեց նրան, երգ նվիրեց և՛ հոբելյարին, և՛ իր մյուս տատիկին, որը ևս դահլիճում էր:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են:

Երբ Լուին Ժակլինի կատարմամբ լսել է հայկական երգեր, շատ է տպավորվել ու առաջարկել է երգերը ներառել խմբի երգացանկում, իսկ խմբի անունն ընտրելիս Ժակլինն ու Լուին մտածել են, որ «Լադա Նիվա»-ն ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային մի շարք երկրներում սիրված մեքենա է: «Մենք միջազգային երաժշտություն ենք կատարում. երգում ենք հայկական, բալկանյան գործեր, և որոշեցինք խումբն անվանել «Լադանիվա»: Բացի այդ, «Լադանիվան» ճամփորդելու մեքենա է: Մեր երաժշտությունը ևս ճանապարհորդում է ամբողջ աշխարհում»,-ավելի վաղ լրագրողների հետ զրույցում պատմել էր Ժակլինը:

Երգչուհին երեք տարեկան է եղել, երբ հեռացել է Հայաստանից. 2005 թվականից պարբերաբար այցելել է հայրենիք. ասես նորից բացահայտի Հայաստանը: «Նախորդ այցերին երկար ժամանակ էի անցկացնում իմ ծննդավայրում՝ Եղեգնաձորում: Երևանում  չեմ հասցրել շատ զբոսնել: Երբ շուրջս եմ նայում, մտածում եմ, որ տանն եմ, որ այստեղից եմ ես և ասես ինքս ինձ հետ եմ ծանոթանում»,- անկեղծացել էր Ժակլին Բաղդասարյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am